Այսօր վերստին բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին:
Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:
Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել գիտելիքին ու դպրությանը՝ Աստվածապարգև հայոց այբուբենի յուրաքանչյուր տառը դիտարկելով հայոց ինքնության պահպանության կոչված զինվոր և դպրոցը՝ որպես ազգի հարատևման անխորտակելի ամրոց:
Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր և անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները: Այս նվիրական օրը ուժ և եռանդ ենք մաղթում ձեզ`սահակ-մեսրոպյան ոգով և ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթության և դաստիարակության ասպարեզում:
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից: Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետևողական լինեք ուսման մեջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացության լույսի առջև, որպեսզի հասակ առնեք իբրև հավատավոր, լուսավոր անձեր` զորավոր` ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով և նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ հարագնա ընթացքի կերտման սրբազան առաքելության մեջ:
«Տերն է տալիս իմաստությունը, և Նրանից են բխում գիտությունն ու հանճարը» (Առակ. Բ 6), – ասում է Սուրբ Գիրքը: Աղոթում ենք, որ Բարին Աստված առատապես օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստվածահաճո ճանապարհներով և ձեզ փոխանցված գիտելիքը ծառայեցնելու ի բարին:
Թող Բարձրյալի հովանու ներքո նոր ուսումնական տարին արգասավորվի նորանոր ձեռքբերումներով ի պայծառություն մեր հայրենիքի և ի զորացումն հայոց կյանքի»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար