Արսեն Թորոսյանն անհանգստանում է միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է. «Ինձ Ամուլսարի հանքի մասով հայտնի չեն ռիսկեր, որոնք կվնասեն մարդկանց առողջությանը»: Թվում է, թե նախարարի այս խոսքերի թիկունքում կան տասնյակ ուսումնասիրություններ, մասնագիտական բազում եզրակացություններ ու տրցակներով փաստաթղթեր, բայց ոչ: Նա հանրության, մասնագիտական շրջանակների կողմից մինչ օրս բարձրաձայնվող որևէ խնդիր լուրջ չի համարում:
Լրագրողների հարցին, թե մասնագետներն ահազանգում են, որ Ջերմուկում, օրինակ, ռադիոակտիվության մակարդակի աճ կա, նախարարն անվրդով ժպիտով պատասխանել է. «Անհանգստանալու առիթ չկա: Չափում չենք արել, քանի որ հանքը չի շահագործվում: Քաջարանում գուցե ավելի խնդիր լինի: Ես այս պահին չեմ տեսնում մոտիվ, պատրվակ՝ չափումներ անելու»: Այսինքն՝ այսքան անհանգստությունները, բարձրաձայնումները մոտիվ չեն նախարարի համար գոնե պաշտոնապես կասկածները փարատելու համար:
Ավելին՝ մեր երկրի ժողովրդի առողջության թիվ մեկ երաշխավորը հայտարարում է. «Երևանի շինհրապարակի փոշին ավելի վտանգավոր է, քան էդ հանքի հնարավոր փոշին, քանի որ բնակավայրից շատ հեռու է»: Ու այստեղ հարց է առաջանում, ի՞նչ է արել նախարար Թորոսյանը երևանցիների առողջությունը պաշտպանելու համար, թե՞ թեման «թոփ չէ», հետևաբար նաև մտածելու բան չկա: Փոշի է, կուլ կտանք, կանցնի, ինչպես եղավ «Վեգայի» հրդեհի ժամանակ, որ նախարարությունը ձկան նման լռեց ու բնակիչներին չասաց՝ ինչպես պաշտպանվեն, երբ այրվում էր այդքան ծավալով ռադիոտեխնիկա:
Մյուս ցնցող միտքը նախարարի տված պատասխանն էր ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքերին: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ասել էր. «Որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ պատասխան ենք տալու մենք 30 տարի հետո, եթե Ջերմուկում առանց թևի երեխա ծնվի»: «Սա չափազանցված հայտարարություն է: Դա շատ անպատասխանատու հայտարարություն է»,- առանց երկմտելու նետել է նախարարը:
Հետաքրքիր է՝ ինչ վստահություն ունի նա, եթե մինչ օրս որևէ չափում չի արել, մասնագիտական եզրակացություն չունի, ինչպես կարող է 30 տարի հետոյի մասին այդքան վստահ պնդում անել: Հիմա ո՞ր հայտարարությունն է ավելի անպատասխանատու:
Այսպիսով պետք է փաստենք, որ նախարարն անհանգստանում է ՀՀ քաղաքացիների առողջությամբ միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին, քանի որ այդ դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպության դրամաշնորհների հեռանկար կա: Մնացած դեպքերում վտանգ չկա: Եվ եթե պատկերավոր ասենք, ապա ստացվում է, որ մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ հանքում ծխելը մահացու վտանգներով է հղի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի