Վերելակների համար վճարը կավելանա 20-30 տոկոսով
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի բազմահարկերում գործող վերելակների փոխման ուղղությամբ: Սարգսյանի խոսքերով` ծրագիր է, որը մշակվում է, շուտով կներկայացվի կառավարությանը.
«Խոսքը գնում է ավելի քան 30 մլրդ դրամի մասին, մինչև 3000 վերելակների տոտալ փոխարինման ֆոնդն է սա: Երևանի բյուջեն 31 մլրդ է: Եթե այս ծրագիրն իրականացնենք, բյուջեով այլ բյուջետային ծրագիր պետք է չիրականացնենք»,- ասել է Սարգսյանը:
Փոխքաղաքապետն ասել է, որ ներկայում գործող վճարի հավաքագրման մեխանիզմն անհասկանալի է, նույն պայմաններով շենքերում վերելակների համար տարբեր վճարներ են գանձվում` մի քանի հազար դրամի տարբերությամբ:
«Եթե վերցնենք, օրինակ, 1600 դրամը, միջինում, ապա այն կավելանա 20-30 տոկոսով: Ֆինանսական բեռը բնակչի վրա կավելանա»,- ասել է փոխքաղաքապետը` հավելելով, որ կարվի հնարավորը, որպեսզի այդ ֆինանսական բեռը հնարավորինս մեղմ լինի: Վերելակների 70 տոկոսն ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել:

















































