Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ։
Հանդիպմանը մասնակցել են Սթենֆորդի համալսարանի և Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) ուսանողներ, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, AGBU) կենտրոնական վարչության փոխնախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, ինչպես նաև կրթության, գիտահետազոտական գործունեության և նորարարության ոլորտներում Հայաստանի հնարավորությունները։
Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման տեսլականը, ոլորտում իրականացվող նախաձեռնությունները և միջազգային առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտերկրի առաջատար համալսարաններում սովորող հայ երիտասարդների մասնագիտական ներուժին, նրանց գիտելիքներն ու փորձը Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու հնարավորություններին, ինչպես նաև կրթական և գիտահետազոտական կապերի ամրապնդմանը։
Քննարկման առանձին թեմա է եղել օտարերկրյա համալսարաններում սովորող ուսանողների՝ Հայաստանում կարճաժամկետ վճարովի պրակտիկա անցնելու հնարավորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ամերիկյան համալսարաններում սովորող օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործող ընկերություններում մինչև երկու ամիս տևողությամբ պրակտիկա անցնելու իրավական և գործնական հարցերին։ Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201.3-րդ հոդվածով նախատեսված կարգավորման կիրառելիությունը, աշխատանքի թույլտվության, միգրացիոն և բնակության իրավական պահանջները՝ հնարավոր խոչընդոտներն ու անհրաժեշտ կարգավորումները բացահայտելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, որոնք նախատեսում են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանում համապատասխան ոլորտներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մեխանիզմներ։
Քննարկվել է այդ հնարավորության նշանակությունը միջազգային առաջատար բուհերում սովորող հայ երիտասարդների՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու և իրենց մասնագիտական ներուժը երկրի զարգացմանը նպաստելու տեսանկյունից։
Ուսանողները ներկայացրել են իրենց ուսումնառության և հետազոտական հետաքրքրությունները, մասնագիտական ծրագրերն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը և միջազգային գիտատեխնոլոգիական միջավայրում երկրի դիրքերի ամրապնդմանը նպաստելու հնարավորությունների շուրջ։
Նախարարն ընդգծել է, որ միջազգային առաջատար համալսարաններում սովորող երիտասարդները Հայաստանի կարևոր մարդկային և գիտելիքային ներուժն են։ Նրանց հետ կապերի պահպանումը, մասնագիտական համագործակցության հնարավորությունների ձևավորումը և հայրենիքի զարգացման գործընթացներում ներգրավվածության խթանումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։
Հանդիպումը հնարավորություն է տվել անմիջական երկխոսություն ծավալելու արտերկրում սովորող հայ երիտասարդների հետ, ծանոթանալու նրանց գաղափարներին ու ակնկալիքներին և քննարկելու կրթական ու մասնագիտական համագործակցության նոր ձևաչափեր։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս