Խոստացիր ինձ, Ամերիկա
Նոյեմբերի 17-ին լույս է տեսնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի «Խոստացիր ինձ, Ամերիկա» հուշագրությունը, որտեղ նա պատմում է Սպիտակ տանն անցկացրած չորս տարիների, իր դաշնակիցների և հակառակորդների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր դժվար հարաբերությունների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր անհամաձայնությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ինչպես նշվում է գրքի հրատարակչական անոտացիայում, Բայդենը գրքում ցանկացել է բացատրել այն որոշումները, որոնք կայացրել է ամերիկյան նորագույն պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկում, ինչպես նաև անկեղծորեն պատմել իր ձեռքբերումների, դժվարությունների և անձնական կորուստների մասին։
Ամերիկյան հրատարակությունները, որոնք հնարավորություն են ստացել ծանոթանալու գրքին հրատարակվելուց առաջ, նշում են, որ Բայդենը շարունակում է համոզված լինել, որ իր որոշումների մեծ մասը ճիշտ են եղել: Սա հատկապես վերաբերում է նրա նախագահության երկու ամենավիճահարույց դրվագներին՝ ամերիկյան զորքերի դուրսբերմանը Աֆղանստանից և 2024 թվականին նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու նրա որոշմանը, որից նա, ի վերջո, հրաժարվեց։
Հուշագրության ամենանշանակալի հատվածներից մի քանիսը, սակայն, կենտրոնանում են ոչ թե Բայդենի, այլ այն համաշխարհային առաջնորդների վրա, որոնց հետ նա գործ է ունեցել։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների վերաբերյալ Ջո Բայդենի ամենավառ հիշողությունը, կարծես, Ռուսաստանի նախագահի վարքագիծն է։
Wall Street Journal-ի տվյալներով՝ Բայդենը Պուտինի հետ շփումների ժամանակ նրա տոնը նկարագրում է որպես «գրգռված և քմահաճ»։ Նա ասել է, որ հանդիպումների ժամանակ Ռուսաստանի նախագահը սիրում էր աթոռին կպչել և անտարբեր թվալ՝ «ինչպես դեռահաս»։
Բայդենը ոչ պակաս անկեղծ է Զելենսկու նկարագրության մեջ։ Նա նշում է, որ Զելենսկու դերասանական կարիերան լավ նախապատրաստություն էր պատերազմի ժամանակ երկրի առաջնորդի դերի համար։ Սակայն դատելով նրա հուշագրություններից՝ Ուկրաինայի նախագահի հետ անձնական շփումները միշտ չէ, որ հեշտ են եղել։
Բայդենը գրում է, որ անձնական զրույցներում Զելենսկին երբեմն «մռայլ ու համառ» էր և ավելի քիչ երախտագիտություն էր հայտնում, քան ամերիկացի առաջնորդը սպասում էր։
Իր գրքում Բայդենը պարզաբանում է, թե ինչու է հավատացել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին։
Ըստ Atlantic-ի սյունակագիր Մեթ Վայզերի՝ Բայդենը մեջբերում է երկու իրադարձություն, որոնք համոզել են իրեն, որ իր տարիքի և ֆիզիկական վիճակի վերաբերյալ մտահոգությունները չափազանցված են։
Առաջինը նրա 2023 թվականի «Երկրի վիճակի մասին» ելույթն էր։ Երկրորդը՝ երկու շաբաթ անց Կիև կատարած անակնկալ այցն էր, որն ապացույցն էր այն բանի, որ նա դեռևս ունակ էր հաղթահարելու նախագահության պահանջները։
Իր հուշագրությունում Բայդենը 2024 թ. հունիսին Դոնալդ Թրամփի հետ հեռուստատեսային բանավեճում իր անհաջողությունը, որից հետո Դեմոկրատական կուսակցության ներսում կոչեր հնչեցին թեկնածուին փոխարինելու վերաբերյալ, պարզաբանել է մի քանի գործոնով, մասնավորապես՝ առողջական խնդիրներով, չնայած կորոնավիրուսը չի հաստատվել, և որդու՝ Հանթերի դատավարությամբ։
Իր գրքում նա խոստովանում է, որ բանավեճի ժամանակ կորցրել է իր մտքերի ընթացքը, սակայն քարոզարշավի հետագա փուլերում ավելի լավ հանդես գալու հույս է ունեցել։ Այնուամենայնիվ, նրա կուսակիցները սկսել են պնդել, որ մրցապայքարից նրա դուրս գալու անհրաժեշտություն կա՝ հրապարակավ որոշումը թողնելով իրեն և կուլիսներում փորձելով համոզել նրան դուրս գալ։ Բայդենը գրում է, որ այդ ջանքերում հատկապես ակտիվ էին Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին և այն ժամանակվա Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Ինչ վերաբերում է Թրամփին, Բայդենը կարծում է, որ նա անձնական պատասխանատվություն է կրում 2021 թ. հունվարի 6-ի իրադարձությունների համար, երբ նրա կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումի վրա։ Բայդենը համոզված է, որ Թրամփը ղեկավարել է ապստամբության փորձը, և «նրա արածը պետք է հետապնդի նրան մինչև գերեզման»։
Բայդենը նաև քննադատում է Թրամփի գործողությունները, որոնցով նա սկսել է իր երկրորդ ժամկետը, մասնավորապես՝ կլիմայի վերաբերյալ քաղաքականության վերանայումը և հունվարի 6-ի իրադարձություններին ներգրավված անձանց ներում շնորհելը։
Բայդենը հիշում է, որ 2024 թ. ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո իրենք հանդիպել են Օվալաձև աշխատասենյակում, և որ Դոնալդ Թրամփն անսովոր բարյացակամ էր՝ ասելով, որ եթե քաղաքականությունը չլիներ, իրենք, հավանաբար, լավ ընկերներ կդառնային և միասին գոլֆ կխաղային։
Բայդենն իր հարաբերությունները Նեթանյահուի հետ նկարագրում է առանց մեծ ջերմության։ Նա խոստովանում է, որ իրենց միջև մեծ վստահություն չի եղել։
ԱՄՆ նախկին նախագահը համեմատում է Իսրայելի վարչապետի որոշ քաղաքական մեթոդներ Թրամփի մեթոդների հետ։ Բայդենը կարծում է, որ Նեթանյահուն կարողացել է մանիպուլյացիաներ անել փաստերի հետ և շահագործել ժողովրդավարական ինստիտուտներն իր նպատակների համար։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից