Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Սովորաբար ընդունված է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի համախմբում լինում է ընտրություններից առաջ, սակայն հայկական քաղաքական իրականությունում պատկերն այս տարի այլ էր։
Ընդդիմության հիմնական առաջնորդները միավորման անհրաժեշտության մասին սկսեցին խոսել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո միայն։ Իսկ խոսքից գործի անցան վերջերս՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ իրենց բնորոշմամբ ապօրինի ձերբակալումից հետո։
Հիմա իբր միավորվել են, բայց հետաքրքիր է միասնությունից ինչ կմնա եթե քաղաքական գործընթացները գնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ։ Արդյո՞ք այդ ուժերը կգնան հնարավոր արտահերթ ընտրություններին միասնական ճակատով։ Եթե անկեղծ, դրան հավատալը այդքան էլ հեշտ չէ` աչքի առաջ ունենալով վերջին` հունիսյան, եւ ոչ միայն հունիսյան ընտրությունների պատկերը։
Իսկ մինչ այդ, նոյեմբերի 4-ին՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ժամեր անց, նրա առանձնատանը հանդիպեցին ընդդիմադիր մի շարք ուժերի ներկայացուցիչներ։ Հանդիպումը, որը նախապես նախատեսված էր նոյեմբերի 5-ին, կայացավ մեկ օր շուտ։ Քննարկումից հետո 13 քաղաքական ուժեր հայտարարեցին համազգային համախմբման ձևավորման մասին՝ առանձնացնելով համագործակցության չորս հիմնական ուղղություն՝ իրենց բնորոշմամբ՝ «ալիևյան սահմանադրության» պարտադրանքի մերժում, խաղաղության հաստատում՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, հայ ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Հատկապես հետաքրքրական է վերջին կետը՝ ժողովրդավարական ազատությունների մասին անդրադարձը ընդդիմության որոշ դերակատարների կողմից։ Ազատությունների մասին խոսում են քաղաքական դերակատարներ, որոնք հասարակության լայն շրջանում այնքան էլ միանշանակ չեն ընդունվում: Գործիչներ, որոնք պատրաստ են պայքարելու ազատությունների համար, եթե դա վերաբերում է իրենց անձնական և քաղաքական նեղ շահերին։
Ժողովրդավարությունը, այնուամենայնիվ, միայն իշխանության փոփոխություն չէ։ Այն ենթադրում է նաև իշխանության սահմանափակումներ, հաշվետվողականություն, քաղաքական մրցակցություն, ազատ խոսք և այնպիսի միջավայր, որտեղ իշխանության հետ համաձայն չլինելը չի կարող դիտարկվել որպես թշնամական վերաբերմունք։
Հետևաբար, ժողովրդավարական ազատությունների մասին խոսելիս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են հայտարարում քաղաքական ուժերը, այլև այն, թե ինչպիսի դիրքորոշում են ունեցել այդ սկզբունքների նկատմամբ այն ժամանակ, երբ իրենք են եղել իշխանական դիրքերում կամ ունեցել են քաղաքական ազդեցություն։
Ցավալին հատկապես այն է, որ ընդդիմադիր հիմնական դերակատարները չեն ընդունում այն, թե ինչու տեղի ունեցան 2018 թվականի իրադարձությունները (անվանելու լինենք դա հեղափոխություն, թե իշխանափոխություն)։ Փաստացի, այդ իրադարձությունները հասարակության շրջանում կուտակված դժգոհության արտահայտությունն էին՝ ուղղված այն ժամանակվա իշխանություններին, նրանց գործելաոճին, կառավարման բարքերին և տարիներ շարունակ ձևավորված համակարգին։ Դրա մասին խոսվել է տարիներ շարունակ այնքան, որ հիմա դա քննարկելն էլ կարծես թե այնքան էլ լուրջ չէ։ Ի վերջո նախա 2018-ական կառավարման համակարգը բերեց փակուղային իրավիճակի հենց այդ համակարգի կառավարիչների համար։
Այդ դժգոհությունը միայն մեկ քաղաքական գործչի կամ մեկ իշխանության դեմ ուղղված դժգոհություն չէր։ Այն նաև կառավարման տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունների, քաղաքական փակվածության, հանրային վստահության պակասի և որոշումների կայացման գործընթացներից հասարակության զգալի հատվածի օտարման հետևանք էր։ Հենց սա է, որ պետք է հաշվի առնել 2018 թվականի իրադարձությունները գնահատելիս։
Եվ հենց այդ ձևավորված համակարգի ծնունդն է այն իշխանությունը, որի դեմ պայքարում են, և որքան էլ դա զավեշտալի է հնչում՝ պայքարում են ժողովրդավարական ազատությունների վերականգնման համար։
Այս պայմաններում միասնական ըննդիմության համար (եթե այդպիսին գոյություն ունի մեր քաղաական դաշտում) անհրաժեշտություն է դառնում իշխանափոխությունից առաջ ընդդիմափոխության կատարումը։ Քաղաքական իրական սերնդափոխությունից հետո, նոր գաղափարներով ու թարմությամբ, հնարավոր կլինի ձևավորել ընդդիմություն, որը ոչ միայն կձգտի իշխանափոխության, այլև հանրությանը կառաջարկի քաղաքական այլընտրանք։
Եվ ոչ միայն գաղափարների մասին խոսող, այլ այդ գաղափարներով ապրող գործիչներն են, որ կունենան հնարավորություն մեր քաղաքական գորշ իրականությունում բերել նոր գույներ և հաստատել քաղաքական այլ իրողություններ։ Ի վերջո պետք է երիտասարդ քաղաքական գործիչները իրենց քաղաքական դիրքավորմամբ և գործունեությամբ ցրեն վաղուց արմատավորված այն միտքը թե քաղաքականությամբ զբաղվելը անբորայականություն է։
Այստեղ, իհարկե, երիտասարդ լինելը ինքնին դեռևս առավելություն կամ նոր քաղաքական որակի երաշխիք չէ։ Նոր քաղաքական մտածողությունը որոշվում է ոչ թե տարիքով, այլ արժեքներով, սկզբունքներով և դրանց համապատասխան գործելու պատրաստակամությամբ։ Երիտասարդ քաղաքական գործիչները կարող են նոր իրողություններ ձևավորել միայն այն դեպքում, երբ քաղաքական դաշտ են մտնում ոչ թե արդեն գոյություն ունեցող քաղաքական վարքագիծը կրկնելու, այլ այն փոխելու նպատակով։ Հակառակ դեպքում սերնդափոխությունը կարող է մնալ ընդամենը արտաքին փոփոխություն՝ առանց բովանդակային նշանակության։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն իշխանության և ընդդիմության հերթական վերադասավորում, այլև քաղաքական հարաբերությունների ու պատասխանատվության նոր մշակույթ։ Եվ այդ փոփոխությունը պետք է սկսվի հենց այն ուժերից, որոնք հավակնում են դառնալ իշխանությանը այլընտրանք։
Արմեն Խեչումյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը