Եթե այդպիսի երևույթ լինի, ինձանից թող չնեղանան. Մարության
Թե՛ քաղաքացիները և թե՛ մեր քաղաքական թիմը մտածում են, որ պետական աշխատողների՝ մանկապարտեզների, թանգարանների, պետական գերատեսչությունների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, նախարարությունների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանան: Այս մասին այսօր Երևանի 2800 -ամյակին նվիրված այգու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ եթե մարդիկ ապրելու են միայն իրենց աշխատավարձով, այսինքն առաջվա պես կողքից գումար չեն աշխատելու, ապա աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է:
‹‹Իսկ եթե դեմ ենք դրան, ուրեմն մտքի ծայրով ենթադրում ենք, որ կողքից գումար են աշխատելու››,-ասաց Երևանի քաղաքապետը:
Նա նշեց, որ քաղաքապետարանում շատ խիստ դրվել է այլևս ոչ մի գումար չվերցնելու հարցը:
‹‹Ես զգուշացրել եմ, ասել եմ, եթե այս պահից սկսած այդպիսի երևույթ լինի, ինձանից թող չնեղանան և՛ այդ մարդիկ, և՛ այդ մարդկանց ընտանիքները, որովհետև ես ստիպված եմ լինելու իրավապահ մարմինների միջոցով շատ կոշտ գործողությոիններ իրականացնել››,-ասաց Մարությանը:

















































