Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ. ՊԵԿ նախագահ
Օրերս Թուրքիայից ժամանող ավտոբուսների համար Բագրատաշենի անցակետով սահմանը հատելու հետ կապված խնդիրն առաջացել էր այն պատճառով, որ քաղաքացիներն այդ ավտոբուսներով ձեռնակատիրական նշանակության ապրանքներ էին փորձել անցկացնել՝ անձին ուղեկցող բեռի անվան տակ, ինչը կանխվել է։
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ խնդիրը լուծվել է բարիդրացիական և փոխգործակցության մթնոլորտում։
«Բազմիցս հնարավորություն ունեցել ենք ասելու, որ Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, իրականում գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք անգամ փորձել ենք կանխել դա»,– շարունակեց նա։
Դավիթ Անանյանը նկատեց, որ մաքսային ծառայության աշխատակիցները պարզապես փորձել են կանխել ֆիզիկական անձանց բեռի անվան տակ ձեռնարկատիրական նշանակության ապրանքների ներկրումը Հայաստան։
«Ստուգումները պարզեցին, որ մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ՝ ոչ»,- հավելեց Դավիթ Անանյանը։

















































