Գո՞ղ են, թե՞ ավազակ են. Փաշինյանը՝ կադրային քաղաքականության մասին
Որ ասում են՝ կառավարությունը վատ կադրային քաղաքականություն է վարում, էդ կադրերին ի՞նչ են արել կամ ինչ չեն արել, ում ինչ վնաս են հասցրել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վճռական պաշտոններում այլ կուսակցության անդամներ չկան, եւ, որ հանրությունը քննադատում է կառավարության կադրային քաղաքականությունը:
Փաշինյանն ասաց, որ կադրային խնդիրներ Հայաստանի բոլոր ոլորտներում էլ կան.
«Եկեք գնանք սպասարկման ոլորտին հարցնենք, իհարկե կա կադրային խնդիր: Օրինակ, մի 2 օր առաջ, մի ռեստորանատեր ինձ բողոքում էր, ասում էր՝ չեմ կարողանում նորմալ խոհարար ու մատուցող գտնել: Չեմ հասկանում, կադրային քաղաքականությունում ինչ կատաստրոֆա է պատահել: Գող են, ավազակ են: Այո, ոչ բոլորն են հավասար արդյունավետ աշխատանքի մեջ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով վճռական պաշտոններում այլ կուսակցության անդամներ չլինելուն՝ Փաշինյանը թվարկեց մի քանի նախարարություններ եւ պետական մարմիններ, որոնց ղեկավարները այլ կուսակցության անդամներ են. «Պաշտպանության, գյուղատնտեսության՝ արդեն լուծարված, էներգետիկայի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների պաշտոնները վճռական չե՞ն: Մարզպետների պաշտոնները վճռակա՞ն են, թե՝ ոչ: Տուրիզմի կոմիտեի պաշտոնը վճռական է, թե՝ ոչ: Փոխվարչապետի պաշտոնը կամ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Ջրային ռեսուրսների պաշտոնը»,- ներկայացրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ վատ կադրային քաղաքականության խնդիրն այն է, որ Հայաստանում գաղափարախոսությունը մարդկանց աշխատանքի խրախուսելը չի եղել. «Հայաստանի Հանրապետությունում, արդեն 25 տարի մոդելը օլիգարխն ու կրիմինալն է եղել: Հիմա տրանսֆորմացիա է տեղի ունենում, որն առաջին հերթին խելքն է: Նախկինում վարչապետն ասում էր՝ ինչի քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք ա՞: Գողական գաղափարախոսությամբ՝ ո՞վ աշխատի, տրակտորը թող աշխատի: Երիտասարդները մեր երկրում հաջողություն ունենալու համար պետք է լինեին տգետ, բռի: Պետք է կրիմինալ լինել, գողական բարքերով ապրել, թրենդը դա է եղել»,- ասաց Փաշինյանը:

















































