Անչափահասների կողմից և անչափահասների նկատմամբ հանցագործությունների թիվը նվազել է. Նելլի Դուրյան
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները:
Նա հայտնեց, որ անչափահասների կողմից իրականացվող հանցագործություններն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազ են. «Նախորդ տարի անչափահասների կողմից իրականացվել է հանցագործության 66 դեպք, այս տարի 62: Նաև չորս ամսվա արդյունքներում է նվազում աձանագրվել»:
Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ անչափահասների կողմից մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը նվազել են 3-ով, փոխարենը՝ աճել են գողության, խուլիգանության դեպքերը, անօրինական զենք կրելու դեպքերն աճել են հինգով, ավազակային հարձակման և կողոպուտի դեպք չի եղել:
Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ Նելլի Դուրյանը հայտնեց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են 16 դեպքով:
«Անչափահասների նկատմամբ Ֆիզիկական բռնության դեպքերը անցած տարվա երեք ամիսների ընթացքում կազմել են 22 դեպք, այս տարի՝ 10: Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղած հանցագործությունները նախորդ տարի եղել է 19, այս տարի՝ 14: Ընտանիքում անչափահասի նկատմաբ բռնության դեպքերը նախորդ տարի եղել են երկուսը, այս տարի մեկը»,-ասաց նա:
Նա հավելեց, որ եթե անցած տարի 34 անչափահասների մոտ է հայտնաբերվել դանակ և կռփազենք, ապա այս տարի ոստիկանությունը հայտնաբերել է զենք կրելու 41 դեպք, որից 18-ի դեպքում կռփազենք:

















































