Մանե Թանդիլյանը պարտվել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրենի գործով
Մանե Թանդիլյանն ու սոցապ նախարարությունը պարտվել են «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրենի գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին վճռել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախարար Մանե Թանդիլյանի, բավարարել: Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Զուրաբյանին աշխատանքից ազատելու հրամանը և նրան վերականգնել նախկին աշխատանքում։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հայցով «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրենը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Թանդիլյանի որոշումը, վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդը։ 2018-ի հոկտեմբերի 5-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքից ազատել էր Չորրորդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ։ Տուն-ինտերնատի աշխատակիցները Թանդիլյանի այս որոշումը 24News-ի հետ զրույցում որակել էին՝ էքսցենտրիկ ու նախկին տնօրենին իր պաշտոնում վերականգնելու պահանջով դիմել էին Նիկոլ Փաշինյանին։
Իսկ Վահան Զուրաբյանը նախկին նախարարի հրամանն անօրինական ու անհիմն էր որակել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին վճռել է նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։

















































