Չեմ պատկերացնում՝ զինծառայողներից մեկը բողոքի, որ ազատ ժամանակ ունի եւ չգիտի՝ ոնց ծախսի. փոխնախարար
Զինծառայողները մարտական պատրաստության պլանով 17 առարկա են անցնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Վանաձորում, Քաղաքացու օրը կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ են ունենում, Բալայանն արձագանքեց. «Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն զինծառայողը, որ առնվազն հինգ ամիս անցնում է ուսումնական փուլ: Այդ ընթացքում, հավատացեք ինձ, չեմ պատկերացնում՝ մեկը բողոքի, որ ազատ ժամանակ ունի եւ չգիտի՝ ոնց ծախսի: Այո, մենք խնդիր ունենք բոլոր զորամասերը գրադարանով ապահովելու եւ այդ ուղղությամբ աշխատում ենք: Խոշոր զորամասերում գրեթե փակված է այս հարցը, փոքր զորամասերում զինծառայողների հիմնական մասը պայմանագրայիններն են, որ գալիս են աշխատանքի ու վերադառնում են տուն, եթե մարտական հերթապահության մեջ չեն ընդգրկվում»,- ասաց Բալայանը՝ նշելով, որ այդ տեղեկությունն ընդունում է որպես դիտողություն:
Փոխնախարարն ասաց՝ ծանոթ չէ՝ այդ տարածքի որ զորամասերն են, որ գրադարան ունեն, որոնք՝ չէ, խոստացավ զբաղվել այդ հարցով:
Ինչ վերաբերում է զինծառայողների քաղաքացիական ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը, փոխնախարարը նշեց, որ այդ առումով պակաս չունեն. «Հիմա ուզում ենք խորացնել ուսուցումը բարեվարքության, մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի առումով: Մենք ունենք նաեւ միջազգային փաստաթղթերով պարտավորություններ, ուսումնական ծրագրերը մշակման փուլում են ոչ միայն զորամասային օղակում, այլեւ ռազմաուսումնական հաստատություններում»,- ասաց Գաբրիել Բալայանը:

















































