Այս պահին մայրաքաղաքում առաջնայինը աղբահանության և տրանսպորտի խնդիրներն են. Երևանի փոխքաղաքապետ
Քաղաքացու օրը պատասխանատվություն է, յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, միևնույն ժամանակ ունի նաև պարտավորություններ. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով քաղաքապետարանի աշխատակիցների հետ մասնակցում էր ծառատունկի:
«Յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք, ոչ միան մեր քաղաքին, համայնքին, այլ նաև երկրին և ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ, քանի որ կարծում եմ, անցել են ժամանակները, երբ շատ բաներ կրում էին ձևական բնույթ, հիմա մի քիչ ավելի դժվար է, բայց կարծում եմ, ամենօրյա աշխատանքը մեզ հնարավորություն կտա ժամանակի ընթացքում ցույց տալ այն արդյունքները, որ ցանկանում ենք»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը նշեց, թե ծառատունկի մասնակցելն ամենահեշտ աշխատանքն է: «Ամենահեշտն այն է, որ մենք ծառ տնկեցինք, ամենադժվարը հետևելն է, ժամանակի ընթացում հետևողական լինենք, որ ծառն աճի: Պարզապես պետք է ժամանակի ընթացքում կարողանաք հետևողական լինել և հասկանալ մեր նպատակներին, և դա ոչ թե ծառատունկին է վերաբերում, այլ բոլոր աշխատանքային պրոցեսներին»,-ասաց նա:
Հարցին, թե որոնք են մայրաքաղաքի առաջնային խնդիրները, Հրաչյա Սարգսյանը նշեց, որ այս պահի դրությամբ համակարգային խնդիր ունեն, թեև շատ ժամանակ կետային խնդիրներն են լուծում, քանի որ հրատապ են: «Այս պահին առաջնայինը աղբահանության և տրանսպորտի խնդիրներն են, և շատ մոտ ենք այդ խնդիրների հանգուցալուծմանը»,-ասաց նա:

















































