«Գազպրոմ Արմենիայում» 500-1000 աշխատակից կկրճատվի․ Գարեգին Բաղրամյան
«Ռուսական կողմի հետ 2019 ի թվականի համար արդեն բանակցել ենք և արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Ես նաև ասել եմ, որ սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր, և այդ ժամանակահատվածում ընկերություններն ինչ-որ խնայողություններ է փորձում իրականացնել: Բնականաբար, նաև ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար: Այդ ժամանակահատվածի ավարտին ունենալու ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է»,- ասաց նա։
Վերջինս խոսքով՝ արդեն իսկ որոշակի առաջարկներ արվել են, իսկ հիմա սպասում են ռուսական «Գազպրոմը»-ին, որը խումբ պետք է ձևավորի: Նա նշեց, որ մոտ ժամանակներս կսկսեն համատեղ քննարկումներ։
«Հենց որ կլինեն որոշակի ավարտուն տեսքի մոտեցումներ, բնականաբար, դա կդրվի նաև հանրային քննարկման, բոլորը տեղյակ կլինեն՝ ինչ է քննարկվում»,-շարունակեց Գարեգին Բաղրամյանը:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ սահմանին ռուսական գազի 15 տոկոս թանկացումը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի» հաշվին, նա պատասխանեց. «Նաև դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր հաշվարկները, մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր կոնկրետ որոշումներ կկայացնենք։ Բայց կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե խումբը երբ կժամանի»:
ՀԾԿՀ պետը նկատեց, որ աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։ Նա ասաց, որ թեև կոնկրետ չգիտի այս պահին «Գազպրոմ Արմենիայի» ինչքան աշխատակից է կրճատվել, բայց ակնկալվում է, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի։

















































