ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից մեկին կվիրահատեն
Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ժամկետային զինծառայողների մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ‹‹Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն›› ՓԲԸ -ի տնօրեն Լուսինե Վարդանյանը։
Նա նշեց, որ սկզբում իրենց մոտ է տեղափոխվել 20 զինծառայող՝ այդ թվում մեկ սպա և «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Վարդանյանի խոսքով՝ այս պահին իրենց մոտ հոսպիտալացված է 4 ժամկետային զինծառայող, որոնցից մեկին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն այլ ԲԿ՝ վիրահատության նպատակով։
Տուժածների վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

















































