Հաշվառման թիթեղյա համարանիշ չստացած մեքենաների սեփականատերերը կարող են դիմել ապրիլի 11-ից սկսած. ոստիկանություն
Վահանակներ ստացվել են, սկսվել են ավտոմեքենաների համարանիշերի տպագրման աշխատանքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:
Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար:
Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորագավիթի մաքսատուն այցելության ժամանակ քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով դժգոհեց, որ ոստիկանությանը համարանիշ չի տրամադրում՝ ասելով, որ թիթեղ չկա: Հենց տեղում վարչապետը զանգահարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, վերջինս էլ նշել էր, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից, Հայաստանում թիթեղ չկա, որովհետեւ նախատեսվածից ավել մեքենա է ներկրվել:

















































