Կարող էին գալ փաստաթղթերը խնդրել, կտրամադրեի, այս շոուն պետք չէր կազմակերպել. «Առինջ Մոլ»-ի տնօրենը՝ ՊԵԿ ստուգումների մասին
ՊԵԿ-ներկայացուցիչները եկել են մեր թղթաբանությունն ստուգելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ցույց են տվել դատարանի սանկցիան, որով իրավունք ունեն ստուգումներ իրականացնելու առևտրի կենտրոնի տարածքում։
«Նրանց չեմ խոչընդոտել, տրամադրել եմ ինչ հարկավոր է, ասել եմ՝ սա դուք, սա ադմինիստրացիան, ինչ պետք է՝ ստուգեք»,- ասաց նա։
Սամվել Հակոբյանը վստահեցրեց՝ իրականությանը չի համապատասխանում լուրը, թե իրենք հարկերը թաքցնում են, կամ որ վարձակալության վերաբերյալ պետությանը ներկայացրած տվյալները իրական թվերից տարբերվում են։
«Շուկայում 2000-ից ավել աշխատող կա, ես չեմ կարա իրանց ասեմ, որ այ էս գումարը կասեք, կարող են գնալ ու հարցնել։ 800 դրամ քառակուսի մետրի դիմաց, իսկ մինչ այս 9 քառակուսի մետրի համար մարդիկ 200 հազար դրամ էին ուզում։ Կարող էին գալ փաստաթղթերը խնդրել, և ես իրենց կտրամադրեի ինչ ուզում էին, այս շոուն պետք չէր կազմակերպել մեր մոտ»,- ընդգծեց Սամվել Հակոբյանը։
Վերջինս հավելեց, որ իրենք միշտ բաց են ստուգումների համար, ավելին՝ միշտ հաճախորդին տրամադրում են ՀԴՄ կտրոնները:

















































