Այսօրվանից Գյումրու «Շիրակ» ՀԸ-ն դադարեցնում է եթերը
Այսօրվանից Գյումրու «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է եթերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանը:
«Լուծարման որոշումից հետո մենք դիմեցինք Կառավարություն և խնդրեցինք 37 մլն դրամ գումար լուծարման համար: Կառավարությունն էլ հաստատեց և տվեց այդ գումարը: Դրանով կարողացանք 2 ամիս եթեր ապահովել»,-ասաց Ղանդիլյանը:
Հարցին՝ կա՞ պայմանավորվածություն որևէ ներդրողի հետ՝ հեռուստաընկերությունը մասնավորեցնելու և գործունեությունը շարունակելու համար, Ղանդիլյանն ասաց՝ որևէ նախագիծ կամ պայմանավորվածություն չկա որևէ ներդրողների հետ, սակայն իրենք շարունակում են փնտրել ներդրող:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կառավարությունը որոշում էր կայացրել լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Ա․ Ղանդիլյանը նշել էր, որ հեռուստառադիոընկերության լուծարման որոշման մասին իմացել է պատահաբար՝ սեպտեմբերին տեղի ունեցած «Հանրային հեռուստաընկերությունը՝ հեղափոխությունից հետո» քննարկման ժամանակ:

















































