Ինչու՞ ընթացք չտրվեց ԱԱԾ-ի՝ Ծաղկաձորում կատարված բացահայտումներին. մանրամասներ՝ քաղաքացուց
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի բնակիչ Գնել Հայրապետյանը Politik.am-ի հետ զրույցում մտահոգություններ է հայտնում, որ Ծաղկաձորում համայնքապետի գլխավորությամբ տեղի են ունենում բազմաթիվ ապօրինություններ, համայնքապետ Արթուր Հարությունյանը կատարում է համայնքապատկան բյուջեի միջոցների յուրացում: Ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ, մասնավորապես, Ծաղկաձում վերանորոգված է համայնքապետի տուն տանող Կ. Անդրեասյան փողոցը՝ ուռճացված գնով։ Տենդերը, ըստ ԱԱԾ բացահայտման, շահել է կազմակերպությունը, որը մոտ 14 միլիոն դրամ ավելի թանկ գնային առաջարկ է արել, քան մյուսները: Փողոցը վերանորոգվել է 39 միլիոն դրամով՝ 15 միլիոնի փոխարեն:
«Քննիչը ԱԱԾ-ին սխալ հանեց, գտավ, որ (ցիտում եմ քննիչին) ըստ ակնադիտական եզրակացության ծախսերը՝ համարժեք են։ Ստացվում է, որ քննիչի ակնադիտական եզրակացությունը ավելի արժեքավոր է,քան ԱԱԾ-ի բացահայտումը»,-ասում է Գնել Հայրապետյանը։
Ըստ Հայրապետյանի՝ համայնքապետարանում մոտ 12 հոգի ֆիկտիվ գրանցված աշխատողներ են ունեցել, որոնց ցուցակը ներկայացվել էր քննիչին, իսկ քրեական գործը հարուցվելուց անմիջապես հետո մոտ 10-12 աշխատակից հեռացվել է։ Ըստ լուրերի՝ աշխատակիցներից մեկն էլ աշխատանքի չի գնացել, երկրում չի եղել: Հայրապետյանը, երբ, դրա մասին տեղեկացրել է քննիչին, հետին թվով ազատել են աշխատանքից։ Ըատ ԱԱԾ բացահայտման՝ համայնքապատական նույն ավոտմեքենայի վերանորոգման համար գումար է դուրս գրվել և համայնքապետարանից, և կոմունալ տնտեսությունից։ Համայնքապետարանի ավտոմեքենաները շահագործվում են գազով, բայց բյուջեից դուրս է գրվում գումար՝ բենզիզնի համար: Այս հարցով ամիսներ առաջ համայնքապետը պարզաբանումներ է տվել «Հայկական ժամանակ»-ին:
Գնել Հայրապետյանն ու մի խումբ ծաղկաձորցիներ մինչ ԱԱԾ ուսումնասիրությունները դիմումներ են ուղարկել նաև Կոտայքի մարզպետարան՝ խնդրանքով՝ ուսումնասիրություններ կատարել Ծաղկաձորում՝ հնարավոր ապօրինությունների վերաբերյալ: Հայրապետյանն ասում է՝ այդ ժամանակ հույսով են լցված եղել: Հետո դիմումատուներից շատերը, հնարավոր է՝ վախեցնելու կամ ստիպելու արդյունքում, հայտարարել են, որ չեն իմացել՝ ինչի տակ են ստորագրել:
Դիմումատուները, բավարար չհամարելով մարզպետարանի աշխատանքը (ըստ որոշ լուրերի՝ քաղաքացիների դիմումները ուղարկվել են Ծաղկաձորի համայնքապետարան, որպեսզի ծանոթանան, մինչդեռ դրա իրավունքը չունեին)՝ դիմել են ԱԱԾ: Ազգային անվտանգության ծառայությունն է ուսումնասիրություններ կատարել, այնուհետև դրանք փոխանցել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:
«ԱԱԾ Հրազդանի տարածքային պետն ինձ կանչեց, ասաց՝ ճիշտ է, մենք պարզել ենք, որ այդ ամենը իրականություն է, բայց մենք այստեղ անզոր ենք: Հաջողություն եմ մաղթում ձեր պայքարում»,-ասում է Գնել Հայրապետյանը:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ քրեական գործ՝ Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Գնել Միշայի Հայրապետյանի դիմումում նշված՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի համայնքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերով։
2018թ. դեկտեմբերի 28-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 66102518 քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։ Վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 28-ի որոշումը Դիմումատուի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին։ 22.01.2019թ. բողոքը քննության առնելու մասին որոշմամբ Կոտայքի մարզի դատախազ Ռ. Խաչատրյանը որոշում է կայացրել Հայրապետյանի բողոքը մերժելու մասին։ Գնել Հայրապետյանը դիմել է նաև Կոտայքի մարզեպատարան:
Գնել Հայրապետյանն ասում է, որ գործը կարճելու համար քննչականի մի քանի աշխատակիցներ «վերևներից շնորհակալություն են ստացել». «Էս ամբողջի մասով ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարել ու համոզվել չարաշահումներում, բայց քննիչը բոլոր կետերով ԱԱԾ-ին հիմար մեկնաբանություններով ոչ կոմպետենտ կառույց է ներկայացրել։ Կարճելուց հետո քննիչը ու քննչական բաժանմունքի պետը պաշտոնական լուրջ առաջխաղացում են ունեցել։ Քննչական բաժանմունքի պետը նշանակվեց Աբովյանի բաժնի պետ, իսկ գործը կարճող քննիչը նշանակվեց Չարենցավանի բաժանմունքի պետ։ Դատախազը համայնքապետի հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ: Քննչական բաժանմունքի պետի հայրը աշխատում էր համայնքապետարանում՝ չնայած վաղուց թոշակառու է»։
Գնել Հայրապետյանը իր մտահոգությունները նամակի տեսքով ներկայացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց պատասխանը Դատախազությունից է ստացել, թե գործը ուսումնասիրություններից հետո կարճվել է:
Ըստ Հայրապետյանի՝ երբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոր է նշանակվել պաշտոնին, ասել է, որ տեղյակ է Ծաղկաձորում առկա խնդիրներից, համայնքապետի չարաշահումներից և դրանց վերջ է տալու, բայց այժմ մարզպետը, ըստ Հայրապետյանի, ջերմ ընկերական հարաբերություններ ունի Ծաղկաձորի համայնքապետի հետ:
Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանը Politik.am-ի հետ զրույցում հերքում է Գնել Հյարապետյանի բոլոր մեղադրանքները՝ ասելով, թե վերջինս «անձնական մոտիվացիա ունի՝ իրեն վատություն անել».«Ես չեմ ճանաչում Չարենցավանի քննչական ծառայության աշխատակիցներին: Գնել Հայրապետյանը վաղուց է իմ անձի հասցեին մեղադրանքներ հնչեցրել, բայց քանի որ մաքուր եմ, ուշադրություն չեմ դարձրել: Բայց այժմ պատրաստվում եմ դիմել իրավապահ մարմիններին՝ ինձ զրպարտելու համար: Ծաղկաձորի բնակիչներից յուրաքանչյուրին կարող եք հարցնել՝ ինչպես ենք աշխատում: Ինքը շահ չունի ընդհանրապես, ուզում է վատություն անել»:
Politik.am-ին այդպես էլ չհաջողվեց լսել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մեկնաբանությունները: Երեկ նա մեր զանգին ի պատասխան ասաց, որ հանդիպման է, և կարող ենք զրուցել երկու ժամ անց: Այդ ժամանակ էլ, հավանաբար, հանդիպումը չէր ավարտվել, քանի որ դա փաստող հաղորդագրություն ստանցանք իրենից, իսկ այսօր մարզպետը անջատեց մեր զանգը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները