«Yandex Taxi»-ի վարորդները նույնպես բողոքում են
Վերջերս անհատ տաքսիստները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին անում՝ մասնավորապես ասելով, որ դաշտում անհավասար պայմաններ են ստեղծվեl, և օնլայն տաքսիների հետ մրցելը համարյա անհնարին է դարձել. վերջիններս արտոնյալ պայմաններով են աշխատում։ Սակայն օնլայն տաքսիների վարորդները նույնպես գոհ չեն։ Մեզ հետ զրույցում «Yandex Taxi»-ի վարորդներից մեկը սկսեց գանգատվել, որ ծառայության ներսում նույնպես կա խտրականություն։ Պատվերի դեպքում առաջինը պատվիրատուի տվյալներն ուղարկվում են «Yandex Taxi»-ի լոգոտիպով մեքենաներին, որոնք ծառայության սեփականությունն են, իսկ անհատ վարորդներին, որոնք պարզապես միանում են ծառայությանը, պատվերն ուղարկվում է միայն այն դեպքում, երբ տարածքում որևէ ընկերության որևէ ուրիշ մեքենա չկա։
Բանն այն է, որ անհատ վարորդները, որոք, իրենց բառերով ասած, ազատ ժամանակ «Յանդեքսի տակ են քշում», յուրաքանչյուր պատվերից տոկոսներ են տրամադրում ծառայությանը, իսկ սեփական մեքենաներինն ամբողջությամբ ընկերությանն է։ Վարորդը նաև նշեց, որ իմիտացիա ստեղծելու համար, թե «Yandex Taxi»-ի հետ աշխատող վարորդներն անգործ չեն մնում, պարբերաբար ծառայությունը կեղծ պատվերներ է ուղարկում, ապա չեղարկում՝ այդպես վարորդի մոտ տպավորություն ստեղծելով, որ պատվիրատուն է փոշմանել ու չեղարկել։

















































