ՏՄՊՊՀ-ն քննարկման է հրավիրել ԱԳԼՃԿ-ներին. Պատճառը գազի թանկացման դեմ բողոքներն են
Նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:
Նա նշեց, որ Հանձնաժողովի վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ: Այնումենայնիվ, կարեւորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն:
Արդեն իսկ այսօր Հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով:
Տնտեսվարողների փաստարկները ինչպես նաեւ փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո, ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին:

















































