Գարեգին Բ-ն դիմել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին ազատելու հարցում
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:
«Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ամենայն հայոց կաթողիկոսը:
Վերջինս նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իարվունքների ակնհայտ խախտումներով:
«Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանն Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին միջնորդելու խնդրանքով երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն», - հավելել է Գարեգին Բ կաթողիկոսը:

















































