«Գնացեք քննիչին հարցրեք». Վաչագան Ղազարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի եւ փողերի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Մասնավորապես, նրանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղից իրեն այդքան փող, արդյոք անհրաժեշտ գումարը, որ պետք է քննիչին փոխանցեր, փոխանցել է, ինչին նա արձագանքեց. «Գնացեք քննիչին հարցրեք: Գնացեք ձեր գործին, ինչ եք ուզում: երբ որ գործը կվերջանա, էդ ժամանակ կխոսենք»:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար։
Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Վաչագան Ղազարյանը կալանվորվել էր, ապա 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը բողոքարկվել էր դատարան, որի արդյունքում նա նորից կալանավորվել ու անազատության մեջ էր գտնվում մինչև դեկտեմբերի 30-ը, երբ դատարանը նորից գրավը նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց: Երկրորդ անգամ նա ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

















































