Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է. Դատախազություն
Կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից ձերբակալված դատավորը կալանավորվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը դատավորին կալանավորելու վերաբերյալ»,-ասաց նա:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր, որ դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշել է դրանք բավարարել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

















































