ԱԺ 60 հավաքարարներից 9-ը հրաժարվել են շարունակել աշխատել
Ազգային ժողովի հավաքարարներից 9-ը հրաժարվել են երկարաձգել պայմանագիրը, 51 հավաքարարներն էլ նախնական համաձայնել են շարունակել աշխատանքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանը։
Նրա խոսքով՝ հավաքարարների հետ վերջնական չեն պայմանավորվել, «Նրանց տվել եմ ժամանակ, որ մտածեն։ Կամ 9 աշխատող կգործուղենք կամ այդ 9 հավաքարարի աշխատանքը կկատարեն մյուս 51 հավաքարարները եւ այդ աշխատավարձը, ըստ կատարված աշխատանքի, հավասար կբաժանվի նրանց միջեւ»,–հավելեց ընկերության տնօրենը։
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Աժ հավաքարարները բողոքում էին, որ իրենց աշխատավարձը ապրիլի 1-ից 67 հազարից դառնալու է 40 հազար, ինչին իրենք դեմ են։ Իր հերթին «Քլիներս» ընկերությունից եւ ԱԺ աշխատակազմից նշում էին, որ խոսքը առավոտյան 7։00–ից 9։00–ն աշխատող հավաքարարների մասին է, որոնց ընկերությունը պարտավորվում է այլ տեղերում աշխատանքով ապահովել։

















































