Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով գրավոր ապացույցներ են ներկայացվել դատարանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ այսօր` մարտի 28-ին, շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը։ Նախագահող դատավորն տեղեկացրեց, որ պատասխանող կողմի ներկայացուցիչները դատարանին գրավոր ապացույցներ են ներկայացրել՝ մասնավորապես լրատվական կայքերի հրապարակումները և ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը։
Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար։
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 23-ին։
Նշենք որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Խոսքը վերաբերում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։

















































