Հայաստանում 2018 թվականի մայիսից տրվել է 65 միլիոնով ավելի դրամարկղային կտրոն. Փաշինյան
2018 թվականի մայիսից մինչեւ հիմա նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ երկրում բաց է թողնվել 65 միլիոնով ավելի դրամարկղային կտրոն: Մարտի 27-ին ԱԺ-ում ելույթ ունենալով Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ հասարակությունը եւ իշխանությունները երկխոսություն են վարում, եւ այդ երկխոսությունը իր պտուղներն է տալիս: «Տնտեսության մեջ մենք կունենանք, եւ սկզբունքորեն արդեն ունենք, լուրջ հաջողություններ: Հունվարին տնտեսական աճի ցուցանիշները կազմել են 5,5 տոկոս, իսկ արդեն փետրվարին՝ 7,6 տոկոս: Տնտեսական ակտիվության տարեկան համաթիվը կազմել է 6,5 տոկոս: Մեր գնահատմամբ՝ այս թվերն ինքնին արդեն դրական են, բայց չենք համարում, որ ցանկալի ցուցանիշի ենք հասել»,- նշեց վարչապետը:

















































