Հայաստանի նախագահը Վրաստան կայցելի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերքով կայցելի Վրաստան: Այս մասին նախագահ Սարգսյանը հայտնել է պաշտոնական այցով Երեւան ժամանած վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո մամուլի համար տարածած հայտարարության մեջ:
Ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները բնորոշվում են փոխըմբռնմամբ, ընդհանուր ավանդույթներով: Դրանց հիման վրա հարաբերությունները զարգանում ու խորանում են տարբեր ոլորտներում: «Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը հատուկ տեղ ունի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին են վկայում տարբեր մակարդակի հանդիպումները եւ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- շեշտել է նախագահը:
Պետության ղեկավարի գնահատմամբ՝ գործընկերոջ հետ բանակցություններն արդյունավետ են եղել, տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկում:
«Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել տարածաշրջանում խաղաղությամբ ու անվտանգությամբ, ինչպես նաեւ համագործակցությամբ»,- շեշտել է նախագահը:

















































