Ոչ մի միտում չի եղել․ Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահին ԱԽ նիստին մասնակցելու հրավերն ուշ երեկոյան ուղարկելու մասին
Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար նախագահին հրավեր ուղարկվել է, չնայած որ նա ԱԽ անդամ չէ: Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նախագահին հրավերն ուշ երեկոյան ուղարկվել, արդյոք միտում չի եղել:
«Ի՞նչ է նշանակում` ուշ է ուղարկվել: Ամբողջ Հայաստանն արդեն ժամը 1-ին գիտեր, որ նման բան է լինելու: Նա չնայած անվտանգության խորհրդի կազմում չէր, բայց հրավեր եղել է,- ասաց նա՝ հավելելով,- բնականաբար, այստեղ ոչ մի միտում չկա»:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել էր մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:
Հաղորդագրությունը սոցիալական ցանցերում դարձել է քննարկման առարկա: Շատերը հարց են բարձրացնում, թե ինչպես է ստացվել, որ ԱԽ անդամ չհանդիսացող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկվանից Արցախում է, հրավեր ստացել է, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին հրավերն ուղարկվել է ուշ երեկոյան:

















































