Չեչնիայի ոստիկաններին պարտադրել են սովորել Ախմատ Քադիրովի կենսագրությունը
Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի Հանրապետության ոստիկանական որոշ բաժանմունքների աշխատակիցներ հանրապետության ներկայիս ղեկավար Ռամզան Քադիրովի հոր՝ Ախմատ Քադիրովի կենսագրությունն ուսումնասիրելու հրաման են ստացել, գրում է kavkazr.com-ը:
Կայքը ներկայացրել է կենսագրության՝ ոստիկանական բաժանմունքներից մեկում տարածված տեքստը: Կայքի տվյալներով՝ նման հրաման ստացած ոստիկանները պետք է անգիր սովորեն Քադիրովի կենսագրության տարեթվերը:
Ախմատ Քադիրովը 1995-1999թթ. զբաղեցրել է չճանաչված Իչկերիայի Չեչենական Հանրապետության մուֆթիի պաշտոնը: Նա ընդդիմության կողմն է անցել և աջակցել ռուսական դաշնային զորքերին:
2003թ.-ի աշնանը Քադիրովը երկրի նախագահ է ընտրվել, սակայն կես տարի անց զոհվել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում՝ մահափորձի հետևանքով:
Չեչնիայում Ախմատ Քադիրովի պատվին բազմաթիվ օբյեկտներ և կազմակերպություններ են անվանակոչվել, իսկ նրա դիմանկարները հաճախ են հանդիպում մայրաքաղաքի փողոցներում:


















































