Հայաստանում հիմնադրվել է «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիան
Հայաստանում հիմնադրվել է «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիան, որի նպատակն է մշտադիտարկել առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը, նպաստել բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, :
Թվով 13 հիմնադիր կազմակերպությունները մեծապես կարևորում են սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված որակյալ բուժօգնության ապահովումը և դրա հավասար հասանելիությունը բնակչության բոլոր շերտերին՝ հանրապետության ողջ տարածքում։ Կոալիցիայի առաջնահերթությունների շարքում որպես գերակա ուղղություն առանձնացվել են բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի բարելավման և որակյալ մասնագիտական կրթության ապահովման հիմնախնդիրները։
Բացման խոսքով հանդես եկավ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, ով, ի թիվս այլոց, նշեց բժիշկների իրավունքների պաշտպանության հրամայականի մասին: Ելույթներ ունեցան «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը, «Լոգոպեդների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Անուշ Բաբայանը և կոալիցիայի ստեղծման գործընթացը նախաձեռնած՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Եվա Չիչոյանը: Գևորգ Գրիգորյանի կողմից ընթերցվեց ՔՀԿ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի հիմնադրման հռչակագիրը, որը ստորագրվեց մասնակից կազմակերպությունների կողմից:
Կոալիցիայի աշխատանքային թիմը ողջունում է ոլորտային խնդիրներով հետաքրքրված կազմակերպությունների և անձանց ներգրավումը և ակտիվ մասնակցությունը կոալիցիայի աշխատանքներին:
ՀԱԱԽ կոալիցիան ստեղծվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագրի ներքո իրականացվող ենթադրամաշնորհային «ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» շրջանակում։

















































