Վահագն Հարությունյանին հայտնաբերելը դարձել է անհնար. դատախազ
Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, նրա գտնվելու վայրը պարզ չէ և շուրջ 5 ամիս է նրան հայտնաբերելը ուղղակի անհնար է դարձել։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի գործի քննությանը հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության 2018թ. հոկտեմբերի 30–ի որոշումը։
Նախորդ դատական նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել էր կողմերին՝ իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Դատավորը միաժամանակ նշել էր, որ ինքը կարող է գործով անկողմնակալ լինել։
Բանն այն է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2018 թվականի դեկտեմբերի վերջին առանց պաշտպանական կողմի քննել էր Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը եւ բավարարել այն: Դրանից հետո պաշտպան Միհրան Պողոսյանի հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, բացի դա՝ Միհրան Պողոսյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:
Այսօրվա դատական նիստին Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին հայտնեց, որ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը կարող է քննել այս գործը։
Ըստ փաստաբանի՝ որևէ երաշխիք չկա, որ եթե բողոքը նոր դատավորի մակագրվի, նա ևս 4 ամիս չի ձգձգի գործի քննությունը։
«Այս բողոքով քննարկման առարկա է դարձել Վահագն Հարությունյանի ազատ տեղաշարժման հարցը։ Արդեն 4 –րդ ամիսն է այս բողոքով քննություն չի իրականանում, և մենք որևէ երաշխիք չունենք, որ հաջորդ դատավորը կամ դատախազը չեն ձգձգելու գործը։ Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Արտուշ Գաբրիելյանը կարող է քննել այս գործը»,–ասաց փաստաբանը։
Այսպիսով դատարանն անցավ բուն բողոքի քննությանը։
Վահագն Հարությունյանի փաստաբանը մանրամասն ներկայացրեց այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում իր պաշտպանյալի նկատմամբ չպետք է հետախուզում իրականացվեր։
Փաստաբանի խոսքով՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ ներկայումս ապօրինի է հետախուզում իրականացվում նաև և առաջ՝ նրա նկատմամբ խափանման միջոցի որոշում չլինելու հիմքով։
Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, փետրվարի 6-ին որոշում էր կայացրել բեկանել Հարությունյանի կալանավորման որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։ Այսինքն այս պահին Հարությունյանի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։
Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը քաջ հայտնի էր նախաքննական մարմնին, քանի որ դեռևս 2018թ. սեպտեմբերի 12–ին Վահագն Հարությունյանի կողմից այդ մասին դիմում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։
Բացի այդ, ըստ Պողոսյանի՝ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացվել է նաև, որ Վահագն Հարությունյանը 2018թ. հուլիսի 17–ից առողջական վիճակի հետազոտությունների և բուժման նպատակով գտնվում է արտերկրում.
«Իմ պաշտպանյալը ներկայում էլ նույն նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում և չի կարող ներկայանալ հարցաքննության, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն։ Թեև նրա բուժման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ առկա չեն, սակայն Հայաստան վերադառնալուն պես Հարությունյանը պարտավորվում է այդ մասին տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին»,–ասաց պաշտպանը՝ հիշեցնելով, որ Հարությունյանը զանգահարել է գործով քննչական խմբի երկու անդամների և հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն։
Այսպիսով Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախատումը, և վերացնել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։
Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի պնդմամբ, սակայն վարույթն իրականացնող մարմինը հստակ տեղեկություններ ունի, որ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չէ։
«Վարույթն իրականացնող մարմինը հանգել է այն հետևության, որ Վահագն Հարությունյանը, տեղեկացված լինելով նախկինում որպես վկա հարցաքննվելու, հետագայում որպես մեղադրյալ նրան դատարան հրավիրելու և քննչական գործողություններ իրականացնելով պայմանավորված՝ չի ներկայացել և թաքնվել է քննությունից»,–ասաց նա։
Դատախազը նկատեց, որ 5 ամսվա ընթացքում Հարությունյանը երեք անգամ հարցազրույց է տվել տարբեր լրատվամիջոցների, սակայն այդպես էլ կոնկրետ չի հայտնել, թե երբ կվերադառնա Հայաստան։
«Շուրջ 5 ամիս տևող այս գործընթացի ընթացքում հետախուզվող մեղադրյալը երեք անգամ լրատվամիջոցներով կարծիքներ է հայտնել իր վերաբերյալ կայացվող որոշումների և կատարվող քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ, սակայն նա երբևէ ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե երբ է պատրաստվում վերադառնալ Հայաստան։ Նա ասում է, որ իր գտնվելու վայրը պարզ է, բայց այսքան ժամանակ հետաքննության մարմինը չկարողացավ հայտնաբերել մեղադրյալին»,–ասաց նա և հավելեց.
«Այս ամենը վկայում է, որ մեղադրյալը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, նրա գտնվելու վայրը պարզ չէ այնքանով , որքանով որ նրան հայտնաբերելն ուղղակի անհնար է դարձել»,–ասաց նա՝ շեշտելով, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումն օրինակն է։
Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Վահագն Հարությունյանի հեռախոսահամարը և նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունը նախաքննական մարմինը փոխանցել է հետաքննություն իրականցնող մարմնին՝ ոստիկանությանը, սակայն նրան հայտնաբելու առումով քննությունը մինչ այս պահը որևէ արդյունք չի արձանագրել։
«Վահագն Հարությունյանի՝ գտնվելու վայրի մասին հայտնած տեղեկություններն արժանահավատ չեմ համարում, քանի որ նրան չենք բռնել»,–ասաց քննիչը։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել