Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործը դատարանում է
2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի հետեւանքով Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։

















































