Եկեք պահպանենք հանդարտություն, բոլոր հարցերը միասին կքննարկենք. ԿԳ նախարարը՝ թատրոնների կրճատման մասին
Ես մշակույթի նախարարության ղեկավարության հետ խոսել եմ, ինձ ներկայացվել է, որ դա աշխատանքային սեւագիր փաստաթուղթ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով որոշ թատրոններ, այդ թվում Համազգային թատրոնը եւ մշակութային այլ ՊՈԱԿ-ներ կրճատելու կամ վերակազմակերպելու խնդրին:
«Մի բան կուզեմ մշակույթի ներկայացուցիչներին ասել, որ պահպանենք հանդարտություն, բոլոր հարցերը միասին կքննարկենք, ես չեմ կարծում, որ էստեղ խնդիրներ կլինեն: Տեսել եք, որ ես արդեն Հովհաննես Գալստյանի մասով զբաղվել եմ եւ այդ մասով լուծումներ կան: Եկեք ես հիմա որեւէ բան չասեմ, որովհետեւ այդ փաստաթղթին ծանոթ չեմ»,-ասաց նա:

















































