ԵՊՀ-ում ճնշումներ են տեղի ունենում, քանի որ բուհը վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար չի փոխանցել. Նարեկ Մալյան
ԵՊՀ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը ժամը 11:00-ից ԵՊՀ-ում սկսելու է խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի պաշտոնանկության հարցն է:
Նրանք նշեցին, որ իրենց հերթական ակցիան ևս կմեկնարկի այդ ժամանակ:
Նախաձեռնության անդամներից Նարեկ Մալյանը նշեց, որ իրենց տեղեկությունները, որ խորհրդի անդամների վրա ճնշում կա, թերևս հաստատվեց, քանի որ այսօրվա շրջայցի ժամանակ իրենց չհաջողվեց խորհրդի անդամներից ոչ մեկին տեսնել ու հարցնել:
Նա նշեց, որ օրվա ընթացքում ինքը պատրաստ է հանդիպել խորհրդի այն անդամների հետ, ովքեր ցանկություն կունենան իր հարցերի պատասխանները տան: «Եթե ապօրինություններ չկան, թող այդ ամենը պարզ ու թափանցիկ լինի, իսկ եթե ոչ, ուրեմն սա 37 թ-ին հարիր գործունեություն է»,-ասաց նա:
Մալյանը նաև նշեց, որ ենթադրում է, որ ԵՊՀ-ում նման ապօրինություններ են տեղի ունենում, քանի որ բուհը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար չի փոխանցել: Ուստի նա նախաձեռնեց դրամահավաք կազմակերպել բուհի անունից գումար փոխանցելու հիմնադրամին: Նա մի արկղ էր առանձնացրել և հորդորում էր մանրադրամներ գցել արկղի մեջ, որպեսզի դադարեցնեն հետապնդել բուհին:

















































