Հայաստանը Ռուսաստանից Су-30СМ բազմաթիրախ կործանիչներ է գնել
Հայաստանը Ռուսաստանից Су-30СМ բազմաթիրախ կործանիչներ է գնել։ Այս մասին հայտնում է Sputnik-Հայաստանը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ն։
«Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ռուսական Су-30 СМ ինքնաթիռներ ձեռք բերելու համապատասխան գործարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռների թվի եւ գործարքի գումարի մասին տեղեկատվություն պաշտպանության նախարարությունում չեն հայտնել՝ հիմնավորելով գաղտնիությամբ։ Տեղեկատվության մի մասը, ըստ հաստատության, կհրապարակվի գործարքի իրականացման համապատասխան փուլերում։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ նախկինում տրամադրված ռուսական 100 միլիոն վարկի շրջանակներում սպառազինություն ձեռք բերելու գործընթացն իրականացման փուլում է։
Այն մասին, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր դեկտեմբերի 1-ին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում։ Այն ժամանակ էլ նա նշել էր, որ ավարտական փուլում են գտնվում վերը նշված վարկի շրջանակներում սպառազինությունների մատակարարման բանակցությունները։

















































