Հարվածներ են հասցվել հութիների զենքի և ծովային ականների պահեստներին
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերը հայտարարել են հութիների դեմ ծավալած լայնամասշտաբ հարձակման ընթացքում արձանագրած զգալի հաջողությունների մասին։ Իրանամետ ապստամբական այս շարժումն ավելի քան տասը տարի վերահսկում է երկրի տարածքների զգալի մասն ու մայրաքաղաք Սանան։
Եմենի զինվորականների փոխանցմամբ՝ սաուդյան ռազմական ավիացիայի աջակցությամբ իրենց հաջողվել է վերահսկողություն հաստատել Մոխա նավահանգստի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի նկատմամբ, որը Կարմիր ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին։
Եմենի բանակը հայտնել է նաև Դհուբաբ քաղաքի օդանավակայանի գրավման և բնակավայրի պաշարման մասին, որտեղ դեռևս մնում են հութիների ուժերը։
Շիական այս խմբավորման ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն դեռ չեն տվել, սակայն նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հերքել են կառավարական զորքերի առաջխաղացումը Դհուբաբի ուղղությամբ։
Կառավարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից մարտական գործողություններ են սկսվել նաև այլ ճակատներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի ուղղությամբ։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ իր կործանիչները շուրջօրյա օդային աջակցություն են ցուցաբերում ցամաքային ուժերին՝ հարձակման սկզբից ի վեր ոչնչացնելով 324 «կարևոր թիրախ»։ Մասնավորապես, հարվածներ են հասցվել Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայում հութիների զենքի և ծովային ականների պահեստներին։
Ուշ երեկոյան հուսիթների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ ի պատասխան իրենց դեմ ծավալված հարձակման, երկուշաբթի օրը հրթիռային հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մի շարք ռազմավարական օբյեկտներին:
Ըստ ապստամբների հայտարարության՝ թիրախների թվում են եղել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի միջազգային օդանավակայանը, Aramco ընկերության նավթավերամշակման գործարանը Ռաբիխում, ինչպես նաև երկրի հարավում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ և տարածաշրջանային օդանավակայաններ:
Եմենում պատերազմը բռնկվել է դեռևս 2014 թվականին, երբ իրանամետ հուսիթները գրավեցին մայրաքաղաք Սանան, ինչին հաջորդեց Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական միջամտությունը։
Տարիների հարաբերական անդորրից հետո հակամարտությունը նոր թափով վերսկսվեց այս տարվա հուլիսին, իսկ արդեն սեպտեմբերին հուսիթները կայծակնային հարձակմամբ գրավեցին կարմիրծովյան ողջ ափն ու Մոխա նավահանգիստը։
Այս քայլով նրանք հարվածի տակ դրեցին Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցը՝ Սաուդյան Արաբիային զրկելով նավթի արտահանման կարևորագույն այլընտրանքային երթուղուց։ Իրանի շահերից բխող այս առաջխաղացումն Էր-Ռիադին դրդեց կրկին մտնել ուղղակի ռազմական դիմակայության մեջ, ինչի հետևանքով միայն օգոստոսի 6-ից ի վեր երկրում սպանվել է առնվազն 959 մարդ, վիրավորվել՝ 5000-ը, իսկ մոտ 197 000 բնակիչ տեղահանվել է։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)