Թույլ չտալ կանանց մահանալ մի հիվանդությունից, որը հաջողությամբ կարելի է բուժել
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն է: Կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլում հայտնաբերվող դեպքերի տեսակարար կշիռը Հայաստանում 2018 թվականի շուրջ 40 տոկոսից 2026 թվականին նվազել է մինչև 13 տոկոս։ Մասնագետների գնահատմամբ՝ փոփոխության վրա ազդել են ինչպես պետական աջակցության ընդլայնումը, այնպես էլ կանանց իրազեկվածության բարձրացումը և սկրինինգային հետազոտությունների հասանելիության ավելացումը։
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է։ Մասնագետների խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում հիվանդության վաղ հայտնաբերման ուղղությամբ նկատելի առաջընթաց կա։ Եթե տարիներ առաջ հիվանդների զգալի մասը բժշկին դիմում էր արդեն հիվանդության ուշ փուլերում, այսօր ավելի շատ կանայք հետազոտության են դիմում նաև այն դեպքում, երբ որևէ գանգատ չունեն։ ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ հատկապես կարևոր է, որ 45 տարեկանից բարձր կանայք այժմ կարող են առանց թերապևտի ուղեգրի ընտրել բուժհաստատությունը և համընդհանուր առողջության ապահովագրության շրջանակում անցնել սքրինինգային հետազոտություն։ «Մարդիկ գանգատներ չեն ունենում, սակայն գնում և սկսում են հետազոտվել»,- ընդգծելով, որ իրազեկվածության բարձրացումն անմիջական ազդեցություն է ունենում հիվանդության վաղ հայտնաբերման վրա։
Միաժամանակ, մասնագետների գնահատմամբ, քաղաքային և մարզային բնակավայրերի միջև դեռ տարբերություններ կան։ Մարզերում կրծքագեղձի հետազոտությունների հետ կապված ամոթի և վախի գործոնը դեռ ամբողջությամբ չի վերացել, սակայն տարիների ընթացքում վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է։ Փոխվել է նաև բուժման հասանելիությունը։ Ճառագայթային թերապիայի 24 սեանսը տրամադրվում է անվճար, իսկ 2020 թվականից քիմիաթերապևտիկ դեղորայքի պետական աջակցությունն էապես ընդլայնվել է։ Մասնագետների խոսքով՝ բուժման որակի և հասանելիության բարելավումն էլ իր հերթին հնարավորություն է տալիս հիվանդներին ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ առաջընթաց կա նաև ուռուցքաբանական բուժօգնություն իրականացնող հաստատությունների համագործակցության հարցում։ Բժիշկները միմյանց հետ համագործակցում են, իրականացնում փորձի փոխանակում, ինչի արդյունքում հիվանդը տարբեր փուլերում բուժօգնություն ստանալիս կարող է շարունակել նույն համակարգված մոտեցումը։
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Մասնագետների խոսքով՝ հիվանդության ամբողջական կանխարգելումն այսօր հնարավոր չէ, սակայն բժշկության և վաղ հայտնաբերման հնարավորությունների զարգացումը փոխել է հիմնական խնդիրը։
«Նշաձողն այլ է՝ թույլ չտալ կանանց մահանալ մի հիվանդությունից, որը հաջողությամբ կարելի է բուժել»,- ընդգծում է ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը։
Մասնագետները շեշտում են՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում կարևորագույն գործոններից մեկը հիվանդության հնարավորինս վաղ հայտնաբերումն է։ Հենց այդ պատճառով հոկտեմբերյան իրազեկման արշավների նպատակը ոչ միայն հիվանդության մասին տեղեկություն տարածելն է, այլև կանանց հետազոտվելու խրախուսումը՝ նույնիսկ գանգատների բացակայության դեպքում։
Շողեր Ղլիջյան


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)