Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն...
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով...
Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եվ նշխար՝ սրտից...
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով...
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև...
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով...
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
Պարույր Սեւակ
Խ.Կ. Պարզապես այսուհետ պետք է հիշել, որ մեր թշնամին մեզնից լավ այս ամենը գիտի, այդ իսկ պատճառով պետք է ավելի ու ավելի ուժեղ, խելացի ու արագ լինենք:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ