Սիրիայի քրիստոնյաները կառնավալային երթով նշել են սուրբծննդյան տոնը
Սիրիայի քրիստոնյաները մայրաքաղաք Դամասկոսում կառնավալային երթով նշել են Կաթոլիկ եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդի տոնը, սա սուրբծննդյան առաջին մեծամասշտաբ տոնախմբությունն է սիրիական պատերազմի սկզբից ի վեր, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք մեծ կառնավալ ու երթ ենք կազմակերպել Դամասկոսում, այն անցել է տեղի Բաբ Թում քրիստոնեական թաղամասի դարպասների և Աբբասիդների հրապարակի մոտով, որտեղ գտնվում է սուրբծննդյան մեծ տոնածառը: Սա Հին Դամասկոսի ուղերձն է ամբողջ աշխարհին: Մենք առաջին անգամ ենք նման կառնավալ կազմակերպում, բացի այդ, պատերազմից հետո առաջին անգամ է նշվում Սուրբ Ծնունդը», - ասել է միջոցառման կազմակերպիչներից Ռեյն ալ Մեյլան:
Աղբյուրը նշում է, որ տոնը մեծ շուքով նշվել է նաև Հալեպում, որտեղ բազմաթիվ քրիստոնյաներ այցելել են տաճար: Թեև երկրում պաշտոնապես չի ազդարարվել շուրջ 8-ամյա պատերազմի ավարտը, սակայն տեղացիները փաստել են, որ առավել ապահով են զգում իրենց, քան 3-4 տարի առաջ:

















































