63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել
Հայաստանում 63–72 տարեկան քաղաքացիները սեփական բիզնեսը սկսելու, վերագործարկելու կամ զարգացնելու համար կարող են ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն։ Կառավարության հաստատած նոր ծրագրով նախատեսվում է առնվազն 400 քաղաքացու ներգրավել ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներում, իսկ նրանցից առավելագույնը 200-ին տրամադրել ֆինանսավորում։ Կրթական ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման առավելագույն չափը 400 միլիոն դրամ է։ Մեկ շահառուին կարող է տրամադրվել մինչև 2 միլիոն դրամ, սակայն այդ գումարը բոլոր դիմորդների համար երաշխավորված չէ․ աջակցության չափը կախված է ներկայացված գործարար ծրագրից և դրա ծախսերի հիմնավորվածությունից։
Առաջին փուլում առնվազն 400 քաղաքացի հնարավորություն կունենա մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների։ Ուսուցումը կկազմի առնվազն 20 ակադեմիական ժամ և կներառի բիզնես գաղափարի մշակման ու գնահատման, գործարար ծրագրի կազմման, ֆինանսական պլանավորման, շուկայի և հաճախորդների վերլուծության, վաճառքի ու մարքեթինգի թեմաներ։ Մասնակիցները դասընթացի ընթացքում պետք է մշակեն նաև իրենց գործարար ծրագիրը։
Ավարտական գնահատման արդյունքում առնվազն 60 տոկոս արդյունք գրանցած քաղաքացիները կստանան 12 ամիս վավերականությամբ հավաստագիր։ Սակայն դասընթացին մասնակցելը կամ հավաստագիր ստանալը դեռ չի նշանակում, որ քաղաքացին անպայման ֆինանսավորում կստանա։ Դրա համար անհրաժեշտ է առանձին դիմել ծրագրին մասնակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից մեկին, ներկայացնել գործարար ծրագիրն ու բավարարել սահմանված պահանջները։
Ծրագրին կարող են դիմել 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան հավաստագիր և գործարար ծրագիր։ Նրանք պետք է գրանցված լինեն որպես անհատ ձեռնարկատեր կամ լինեն իրավաբանական անձի հիմնադիր կամ գործադիր մարմնի ղեկավար։ Եթե դիմելու պահին քաղաքացին դեռ չունի այդ կարգավիճակը, կարող է այն ձեռք բերելու պարտավորություն ստանձնել՝ մինչև աջակցության տրամադրման պայմանագրի կնքումը։
Ծրագրով որպես հնարավոր ուղղություններ նշվում են, մասնավորապես, ավտոմեքենաների սպասարկումն ու նորոգումը, կացության ծառայությունները, ջերմատնային և սառնարանային տնտեսությունները, այգեհիմնումը, անասնապահությունը, գյուղմթերքի վերամշակումը, ինչպես նաև սպորտային, մշակութային, ստեղծագործական, ժամանցային և միջոցառումների կազմակերպման գործունեությունը։
Միաժամանակ սահմանափակված են որոշ ծախսեր։ Պետական աջակցությամբ հնարավոր չի լինի վճարել աշխատավարձեր, մարել վարկեր կամ դրանց տոկոսները, վճարել տույժեր, տուգանքներ ու հարկային պարտավորություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ անձնական օգտագործման ավտոմեքենա։ Կրթական ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դիմորդը պետք է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնի սահմանված ձևով լրացված և ստորագրված հայտը՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Այսպիսով, նոր գործիքը նախատեսում է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև բիզնես գաղափարի մշակման և իրագործման համար անհրաժեշտ գիտելիքների տրամադրում։ Միևնույն ժամանակ, ծրագրի առաջին փուլում ֆինանսավորում կստանա առավելագույնը 200 քաղաքացի, հետևաբար վերջնական ընտրության հարցում վճռորոշ են լինելու գործարար ծրագրի իրատեսականությունը, ծախսերի հիմնավորվածությունը և սահմանված առաջնահերթությունները։
Top news


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին