Ամերիկյան հետախուզությունը մեղադրել է ՌԴ-ին, Չինաստանին ու Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններին միջամտելու համար
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը միջամտել են 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններին, սակայն այդ միջամտությունն ազդեցություն չի ունեցել քվեարկության արդյունքների վրա: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:
Նշվում է, որ վարչությունը պատրաստել է համապատասխան զեկույցը, որը կփոխանցվի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանն ու գլխավոր դատախազությանը: Եթե վերջիններս հաստատեն փաստաթղթում արված ենթադրությունները, ապա դա կհանգեցնի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման:
Հետախուզության հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանն ու այլ պետություններ, այդ թվում՝ Չինաստանն ու Իրանը, գործողություններ են ծավալել Միացյալ Նահանգների դեմ՝ ելնելով սեփական ռազմավարական շահերից:
Միևնույն ժամանակ հետախուզությունը որևէ եզրակացություն չի արել այն մասին, թե ինչպես կարող էր այդմիջամտությունն ազդել ընտրությունների արդյունքների վրա, և չի գտել նման ազդեցությունն ապացուցող որևէ փաստ:

















































