Արգենտինայի նախագահին մեղադրանքներ են առաջադրել ԱՄՀ հետ համաձայնագրի պատճառով
Արգենտինայում դատախազ Խորխե Ֆելիպե դի Լելյոն երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիին իրավասությունների գերազանցման մեղադրանքներ է առաջադրել՝ կապված Արժույթի միջազգային հիմնադրամից վարկի մասին համաձայնագրի ստորագրման հետ: Այս մասին նշված է որոշման մեջ, որը հրապարակվել է «Ժողովրդական միասնություն» կուսակցության կայքում, վերջինը հայցվորներից մեկն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ հայցվորների անցկացրած վերլուծությունն արժանահավատ է եւ տրամաբանական, որ ճիշտ կլինի քրեական հետապնդմանը ընթացք տալ եւ ապացույցներ հավաքելու միջոցառումներ ձեռնարկել՝ տեղի ունեցածը պարզելու համար»,- նշված է դատախազի որոշման մեջ:
Հայցվորների կարծիքով՝ ԱՄՀ-ի հետ համաձայնության ձեռքբերումը հակասում է երկրի սահմանադրությանը, քանի որ չի ստացել խորհրդարանի հավանությունը եւ կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը: Որպես նախազգուշական միջոց դատախազը դատարանին առաջարկել է կասեցնել համաձայնագրի գործողությունը:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին մայիսի 8-ին պեսոյի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին ԱՄՀ-ից օգնություն էր խնդրել: Հունիսին ԱՄՀ գործադիր խորհուրդը հավանություն էր տվել երկրին 3 տարում 50 մլրդ դոլար վարկի տրամադրման համաձայնագրին, որից 15 մլրդ դոլարը երկիրն անմիջապես էր ստացել:
Ներկայումս տարեսկզբից սկսած պեսոյի փոխարժեքը նվազել է ավելի քան 50 տոկոսով: Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման հետեւանքով Արգենտինայի կառավարությունը խոստովանել է, որ ինֆլյացիան ծրագրածից 15 տոկոսով բարձր կլինի:

















































