Հուլիսին տեղի կունենա Լուսնի՝ դարի ամենաերկարատև խավարումը
Հուլիսի 27-ին տեղի կունենա Լուսնի՝ 21-րդ դարում ամենաերկարատև խավարումը, որը կտևի 1 ժամ 43 րոպե, հայտնում է space.com կայքը՝ հավելելով, որ այդ ընթացքում Երկրի բնական արբանյակը կարմրադարչնագույն երանգ կստանա:
Ամբողջական խավարմանը կհաջորդի մասնակի խավարումը, որը կտևի մոտ 4 ժամ:
Ուշագրավ բնական երևույթը տեսանելի չի լինի Հյուսիսային Ամերիկայի բնակիչների համար, մինչդեռ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի հարավային հատվածի բնակիչները կկարողանան հետևել դիտարժան տեսարանին:
Ի դեպ, դրանից մի քանի օր անց Մարս մոլորակը կգտնվի 2003թ. ի վեր Երկրից ամենամոտ հեռավորության վրա, ինչը հնարավորություն կտա Արևելյան կիսագնդի բնակիչներին անզեն աչքով տեսնել «Կարմիր մոլորակը»: Հայտնի է, որ Երկրի ու Մարսի միջև հեռավորությունը կլինի 57.6 մլն կմ:

















































