ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել արդեն հաջորդ շաբաթ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել արդեն հաջորդ շաբաթ։ Այդ մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Մենք 100 տոկոսով լծված ենք նրան, որպեսզի ապահովենք Իրանի միջուկային զենք չունենալը», - ասել է Սանդերսը։
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը, և այդ երկրի դեմ կկիրառվեն «ահռելի պատժամիջոցներ»։
«Մենք պատրաստվում ենք լրացուցիչ պատժամիջոցների սահմանմանը, որոնք կարող են հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ», - ասել է Սպիտակ տան խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից և որ ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:
Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության էին եկել իրանական միջուկային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

















































