Էմանուել Մակրոնը խոսել է արհեստական ինտելեկտի վտանգի մասին
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է 1.5 մլրդ եվրոյի ֆինանսավորում տրամադրել արհեստական բանականության ստեղծման աշխատանքներին: Միևնույն ժամանակ, երկրի նախագահ Էմանուել Մակրոնն իր անհանգստությունն է հայտնել գերառաջադեմ, նորարարական տեխնոլոգիայի ներկայացրած վտանգների առնչությամբ:
Wierd-ին տված հարցազրույցում 40-ամյա ղեկավարը կարծիք է հայտնել առ այն, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) կարող է վտանգի տակ դնել ժողովրդավարությունը:
Մակրոնին անհանգստացնում են անկանխատեսելի ալգորիթմները, որոնք շահելով մարդկանց վստահությունը՝ կարող են նրանց փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնել: Այս համատեքստում նա բերել է մի օրինակ, երբ ալգորիթմը բուհերի համար «տեսակավորում» է ուսանողներին:
«Մարդիկ պետք է հասկանան՝ ինչ սկզբունքով է այն աշխատում: Եթե նրանք վստահություն չունենան, ապա կմերժեն այս նորարարությունը:
Ես պետք է ժողովրդիս համար վստահ լինեմ, որ ալգորիթմն անաչառ ընտրություն է անելու»,-նշել է Մակրոնը:
Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ջանք չի խնայի ԱԻ-ի աշխատանքը հնարավորինս անվտանգ դարձնելու համար: Կառավարությունն ԱԻ-ի կողմից օգտագործվող տվյալների բազան բաց կպահի ու կպարտադրի մյուս ընկերություններին ևս այդպես վարվել:
Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծել է, որ ԱԻ-ի ստեղծման ոլորտի այժմյան առաջատարներն ԱՄՆ-ն ու Չինաստանն են, և Եվրոպան ևս պարտավոր է տեխնոլոգիական հեղաշրջման մասնակից դառնալ:
Աղբյուրը նշում է, որ ԱԻ-ն, անշուշտ, բազմաթիվ դրական կողմեր ունի, սակայն կարող է շահագործվել մասնավոր ընկերությունների ու բռնապետական ռեժիմների կողմից՝ ի վնաս ժողովրդի:
«Սա հանգեցնում է ինձ այն մտքին, որ այս ահռելի տեխնոլոգիական հեղափոխությունն իրականում քաղաքական հեղափոխություն է»,-եզրափակել է Մակրոնը:

















































