Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները և նրա վարչակազմից բարձրաստիճան չինովնիկներ կկանգնեն դատարանի առաջ՝ Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում (AMIA) 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ Comercio հրատարակության՝ լսումների ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Նախկինում հաղորդվել է, որ Արգենտինայի դատախազ Ալբերտո Նիսմանն է հետաքննել այդ գործը և մեղադրել Քիրշներին ու այդ ժամանակվա ԱԳ նախարար Էկտոր Թիմերմանին պայմանավորվածության գալու համար, ըստ որի նրանք պետք է «ապահովեին իրանցիների անպատժելիությունը», որոնց Արգենտինան մեղադրում է պայթյունի կազմակերպման համար։
Ավելի ուշ Նիսմանը մահացած է հայտնաբերվել իր տանը։ Nacion թերթը հայտնել էր, որ դատախազը սպանվել է, ոչ թե ինքնասպանություն գործել։
Արգենտինան երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության կազմակերպման համար, որի հետևանքով մահացել է 85 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, մեղադրում է մի շարք բարձրաստիճան իրանցիների, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին։ Իրանի իշխանությունները միշտ կտրականապես հերքել են մեղադրանքները։

















































