Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը
Երևանում սկսվել է էներգետիկ շուկայի բարեփոխումներին նվիրված փորձագիտական աշխատաժողովը, որն անցկացվում է «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում։ Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում ոլորտային բարեփոխումներին՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։
Միջազգային մասնագետները ներկայացնում են Եվրամիության, մասնավորապես Հունգարիայի փորձը՝ անդրադառնալով կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։
Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի սինքրոնացումը երկրի էներգետիկ շուկայի վրա։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Ռադիոլուրի» հարցին արձագանքում է ՝
« Ինտեգրումը կամ կապ հաստատելը հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի էներգոհամակարգի հետ, այո, այսօր օրակարգի խնդիր է։ Որպես էներգետիկ, որպես ոլորտի ներկայացուցիչ` ես դրական եմ նայում այս ամեն ինչին, որովհետև անկախ ամեն ինչից, հարևան նոր երկրի հետ նման կապեր ստեղծելը նոր հնարավորություններ է բերում մեր էներգահամակարգի ավելի ճկուն, ավելի հուսալի, ավելի կայուն աշխատանքի համար» ։
Հայաստանը որդերգրել է էներգետիկ շուկայի ազատականացման ճանապարհը։ Հարևան երկրների էներգետիկ համակարգերի հետ ներդաշնակեցումը նաև այս համատեքստում է՝ ասում է Մեսրոպ Մեսրոպյանը։ Կարծում է, որ թե հոսանքի ներկրման, և թե արտահանման դեպքում Հայաստանը շահեկան դիրքերում կլինի։
«Շուկայի ռեֆորմի ամբողջ տրամաբանությունը նաև հենց այդտեղ է։ Վերջնական, այսպես ասած, հանգրվանն այն է, որ երկրի ներսում շուկան ազատականացնելուց հետո այն պետք է անպայման ինտեգրվի հարևան երկրների շուկաների հետ, որպեսզի իրական շուկա ունենանք։ Եթե մեզ իսկապես հաջողվի առաջիկա ժամանակներում կամ տարիներին ստեղծել իրական կապեր մեր բոլոր հարևան երկրների հետ, ապա մեր շուկայի ինտեգրումը իրապես հնարավոր դառնա։ Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի և հոսանքի արտահանման, և ներմուծման դեպքում։ Մենք ներկրելու ենք էժան էլեկտրաէներգիա և արտահանելու ենք հնարավորինս թանկ էլեկտրաէներգիա»։
«ԵՄ–ն հանուն էներգիայի» ծրագրի փորձագետ Արմին Բյումն ընդգծում է՝ հայաստանյան բաղադրիչը փորձում է նպաստել մրցունակ ու ինտերգրված էներգետիկ ոլորտի ձևավորմանը։ Ոլորտի հիմնական՝ «Էներգետիկայի մասին» օրենքի վերանայումից հետո այժմ ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլն է։
Հայաստանի էներգետիկ համակարգում նորություն են կուտակիչ կայանները, այդ առումով ի՞նչ անելիք ունի Հայաստանը՝ հարցնում եմ «ԵՄ–ն հանուն էներգիայի» ծրագրի հայաստանյան փորձագետին։
« Այո, միանգամայն իրավացի եք, սա լրիվ նորություն է Հայաստանի օրենսդրական համակարգում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 4–ը վերջնաժամկետ ունի համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու համար։ Մեր առաջնահերթություններից մեկն այս գործում օգնելն է, որովհետև դա առաջին քայլն է` ներդրողների համար ստեղծելու գրավիչ միջավայր և օրենսդրական հուսալի հենք»։
«Էներգետիկայի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով իրավական հիմքեր են ստեղծվում էներգիայի պահեստավորման համակարգերի համար: Պահեստավորման համակարգերը թույլ են տալիս կուտակել ավելցուկային էներգիան և մատակարարել այն ըստ անհրաժեշտության: Դրանք մեծացնում են նաև ցանցի կայունությունն ու հուսալիությունը՝ ասում է ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։
«Շուկայի ընդլայնման տեսանկյունից կարևոր տարի էր` հաշվի առնելով, որ այս տարի «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել` նվիրված էներգիայի պահեստավորմանը։ Սա, մեր կարծիքով, լրացուցիչ խթան կհանդիսանա հետագա բարեփոխումների համար»։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը ենթադրում է նաև այլընտրանքային մատակարարների մասնակցություն, ինչը մրցակցային դաշտ է ձևավորում: Այս փուլում դեռ խոշոր սպառողները հնարավորություն ունեն ընտրելու իրենց նախընտրած մատակարարին, նրա հետ պայմանագիր կնքելու և էլեկտրաէներգիա գնելու շահավետ պայմաններով:
Երբ շարքային սպառողն էլ այդ ընտրությունն անելու հնարավորություն կունենա՝ հարցնում եմ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
«Աստիճանական ազատականացում է մեզ մոտ տեղի ունենում։ Ամենավերջին փուլում է, որ կենցաղային սպառողը պետք է հայտնվեր ազատական շուկայում, բայց այս պահին դեռ հեռու ենք այդ կետից»։
Շուկայի ազատականացման այս փուլի արդյունքներից ՀԾԿՀ նախագահը գոհ է։ Հիմնավորումներից մեկը թրեյդերների թվի ավելացումն է։ Խոսքը որակավորված այն ընկերությունների մասին է, որոնք զբաղվում են էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով: Մեսրոպյանի խոսքով՝ արտադրված հոսանքի 30 տոկոսը իրացվում է այդ շուկայում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին