Մեկ ազգ, երկու պետություն սկզբունքը չի բացառում քաղաքական հակասությունները
Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ սկսված բողոքի ակցիաները լարվածություն են առաջացրել նաև Թուրքիայի հետ հարաբերություններում։ Երկու երկրների միջև տարաձայնությունները հասել են հրապարակային փոխադարձ քննադատությունների։ Թուրքիայի իշխանական շրջանակները քննադատում են Ադրբեջանի որոշումը, իսկ Բաքուն Անկարային կոչ է անում չմիջամտել իր ներքին գործերին։
Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել պետական դպրոցներում աշակերտների համազգեստին ներկայացվող պահանջներում։ Նոր կարգավորումներով արգելվում է սահմանված համազգեստից տարբերվող, ինչպես նաև աշխարհիկ կրթության սկզբունքին չհամապատասխանող հագուստի տարրերի օգտագործումը։
Թեև որոշման մեջ հիջաբի մասին ուղղակի հիշատակում չկա, այն գործնականում կիրառվում է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ։ Սահմանափակումներն առաջացրել են ծնողների և աշակերտների դժգոհությունը։ Բաքվում և այլ բնակավայրերում սկսվել են բողոքի ակցիաներ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են աշակերտները հրաժարվում մասնակցել դասերին՝ ի նշան համերաշխության իրենց դասընկերուհիներին։
Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 37 անձի ձերբակալության մասին՝ նրանց մեղադրելով հասարակական կարգը խախտելու մեջ։ Իշխանությունները սահմանափակումները հիմնավորում են երկրի աշխարհիկ բնույթով և կրթական հաստատություններում միասնական կանոններ ապահովելու անհրաժեշտությամբ։ Մինչդեռ որոշման քննադատները բարձրացնում են կրոնի ազատության և կրթության իրավունքի հարցը։
Հիջաբի շուրջ վեճն Ադրբեջանում նոր չէ
Դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները նախկինում ևս բողոքի ակցիաների պատճառ են դարձել Ադրբեջանում։ Դեռևս 2010 թվականի դեկտեմբերին երկրի կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել էր, որ աշակերտները պարտավոր են պահպանել դպրոցական համազգեստի պահանջները, ինչը գործնականում ենթադրում էր նաև հիջաբ կրելու արգելք։
Որոշումը դժգոհություն էր առաջացրել կրոնական շրջանակներում։ Դեկտեմբերի 10-ին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Բաքվում՝ Կրթության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով վերացնել սահմանափակումը։
Դժգոհությունները շարունակվել էին նաև հաջորդ տարիներին։ 2011 թվականի մայիսի 6-ին Բաքվում անցկացված ակցիան ուղեկցվել էր ոստիկանության հետ բախումներով։ Ադրբեջանի ՆԳՆ-ի տվյալներով այդ ժամանակ ձերբակալվել էր 45 մարդ։
2012 թվականի հոկտեմբերի 5-ին Կրթության նախարարության մոտ կրկին բողոքի ակցիա էր անցկացվել։ Այս անգամ ևս տեղի էին ունեցել բախումներ, որոնց հետևանքով, ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվել էր 65 մարդ։
Այսպիսով, հիջաբի հարցը Ադրբեջանի իշխանությունների և կրոնական շրջանակների միջև հակասությունների պատճառ է եղել դեռ ավելի քան մեկ տասնամյակ առաջ։ Սակայն այս շրջափուլում կա նորություն՝ եղբայրական Թուրքիայի գործոնը։
Թուրքիայի արձագանքը և Բաքվի դժգոհությունը
Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն արձագանք են ստացել նաև Թուրքիայում։ Հոկտեմբերի 3-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց, տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են վերանայել դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները։
Ավելի ուշ քննադատություններին միացել են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հոկտեմբերի 12-ին X սոցիալական ցանցում անընդունելի էր համարել հիջաբ կրող աշակերտուհիներին կրթության իրավունքից զրկելը՝ կոչ անելով Ադրբեջանին վերանայել որոշումը։
Այս հայտարարություններին հաջորդել է Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության կոշտ արձագանքը։ Հոկտեմբերի 13-ին տարածած հայտարարությամբ կուսակցությունը քննադատել է ինչպես Սարալին, այնպես էլ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորներին՝ նրանց հայտարարությունները որակելով պոպուլիստական և անպատասխանատու։
Բաքուն զգուշացրել է, որ Թուրքիայի քաղաքական շրջանակների նման դիրքորոշումը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։ Ադրբեջանի իշխող կուսակցությունն անդրադարձել է նաև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ ընդգծելով, որ այն չի կարող հիմք հանդիսանալ միմյանց ներքին գործերին միջամտելու կամ քաղաքական և գաղափարական մոտեցումներ պարտադրելու համար։
Միայն հիջաբի՞ հարցն է
Թեև վերջին լարվածության անմիջական պատճառը հիջաբի սահմանափակումներն են, Բաքվի և Անկարայի միջև տարաձայնությունները միայն այս հարցով չեն սահմանափակվում։ Վերջին շրջանում թուրքական քաղաքական և մեդիա շրջանակներում քննարկման առարկա են դարձել նաև Ադրբեջանի սերտ հարաբերություններն Իսրայելի հետ։
Գազայի պատերազմի և իսրայելական իշխանությունների նկատմամբ Թուրքիայի կոշտ դիրքորոշման պայմաններում Բաքուն շարունակում է պահպանել Իսրայելի հետ իր ռազմավարական համագործակցությունը։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը հոկտեմբերի 13-ի հայտարարության մեջ անդրադարձել է նաև այս քննադատություններին՝ ընդգծելով, որ Իսրայելի հետ հարաբերությունները հիմնված են միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա։
Հիջաբի հարցը ևս ցույց է տալիս երկու երկրների ներքին քաղաքականության տարբերությունները։ Էրդողանի ղեկավարած Թուրքիայում գլխաշոր կրելու իրավունքը տարիներ շարունակ եղել է իշխող կուսակցության քաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը։ Ադրբեջանում, հակառակը, իշխանությունները սահմանափակումները ներկայացնում են որպես աշխարհիկ կրթության սկզբունքի պահպանման անհրաժեշտություն։
Ի՞նչ կարող է նշանակել այս լարվածությունը
Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ իրենց հարաբերությունները ներկայացրել են որպես ռազմավարական դաշնակցություն։ Անկարան եղել է Բաքվի հիմնական քաղաքական և ռազմական աջակիցներից մեկը, հատկապես Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։
Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անգամ սերտ դաշնակցային հարաբերությունների պայմաններում երկու երկրների շահերն ու քաղաքական մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են։
Հատկանշական է հատկապես Ադրբեջանի իշխող կուսակցության արձագանքը։ Բաքուն փաստացի զգուշացնում է Անկարային, որ ռազմավարական գործընկերությունը չի նշանակում Ադրբեջանի ներքին քաղաքական որոշումների նկատմամբ ազդեցություն ունենալու իրավունք։
Միևնույն ժամանակ, այս տարաձայնությունները դեռևս հիմք չեն պնդելու, թե թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքը խզման վտանգի առաջ է։ Երկու երկրներին շարունակում են կապել ռազմական, տնտեսական, էներգետիկ և տարածաշրջանային ընդհանուր շահերը։
Ամեն դեպքում, հիջաբի շուրջ սկսված վեճը ցույց է տալիս, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի բացառում քաղաքական հակասությունները։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին