Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)
Երևանի տարեդարձը նշելու ավանդույթը ձևավորվել է քաղաքի պատմական անցյալը հանրային կյանքի մաս դարձնելու գաղափարի շուրջ։ 1968 թվականին մայրաքաղաքի 2750-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական միջոցառումներից մինչև այսօրվա համերգներն ու փառատոները՝ Էրեբունի-Երևան տոնը փոխել է իր ձևաչափն ու բովանդակությունը։
Սակայն պատմական հիշողությունն ու քաղաքային ինքնությունը ներկայացնելու գաղափարը շարունակում է մնալ տոնի առանցքում։ Այսօր այն ոչ միայն Երևանի հիմնադրման տարեդարձը նշելու, այլև քաղաքի մշակութային կյանքը ներկայացնելու և բնակիչներին համախմբելու առիթ է։
Երևանի պատմությունը հազարամյակների խորքից է գալիս։ Այդ պատմական իրադարձությունից ավելի քան 2700 տարի անց մայրաքաղաքի տարեդարձը հանրային մեծ տոնակատարության վերածելու գաղափարը կյանքի կոչվեց խորհրդային շրջանում։ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Էրեբունի-Երևան տոնի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968 թվականի հոկտեմբերին՝ քաղաքի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ։
Հոբելյանական միջոցառումները տևել են շուրջ մեկ շաբաթ և ներառել ոչ միայն համերգներ ու հանդիսություններ, այլև քաղաքի պատմության ու մշակույթի ներկայացմանն ուղղված նախաձեռնություններ։ Հրատարակվել են Երևանի պատմության մասին գրքեր, կազմակերպվել են ցուցահանդեսներ, ստեղծվել են մայրաքաղաքին նվիրված երգեր և թողարկվել հուշանվերներ։
Հոբելյանի կարևոր իրադարձություններից էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացումը։ Այդ ժամանակ առաջին անգամ հնչել է նաև Էրեբունի-Երևան երգը՝ 2750 երգչից կազմված երգչախմբի կատարմամբ։
Հետագա տարիներին տոնակատարությունն ընդլայնվել է։ Համերգներին ու շքերթներին զուգահեռ կազմակերպվել են ցուցահանդեսներ, մարզական մրցումներ, ժողովրդական զբոսանքներ և համայնքային միջոցառումներ։ Երևանի պատմության թանգարանի պատմական ակնարկում հիշատակվում են նաև Բարեկամության, Նորապսակների, Բնակարանամուտի, Պոեզիայի և Պատանի երևանցու տոները։ Այս նախաձեռնությունները ցույց են տալիս, որ տոնակատարությունը աստիճանաբար դուրս է եկել մեկ հոբելյանական օրվա շրջանակներից՝ ընդգրկելով քաղաքային կյանքի տարբեր ոլորտներ։
Տարիների ընթացքում փոխվել է նաև տոնի հանրային ներկայացումը։ Եթե 1968 թվականի հոբելյանի առանցքում քաղաքի պատմական տարիքն ու դրա խորհրդանշական նշանակությունն էին, ապա հետագա տոնակատարություններում ավելի մեծ տեղ են զբաղեցրել համերգները, մշակութային ծրագրերն ու զանգվածային միջոցառումները։ Այս փոփոխությունն արտացոլում է նաև քաղաքային տոների կազմակերպման ընդհանուր միտումը՝ պատմական հիշողությունը համադրելու ժամանակակից ժամանցի և մշակութային բազմազանության հետ։
2018 թվականին Երևանի 2800-ամյակի առիթով կազմակերպվել են հոբելյանական միջոցառումներ: Հետագա տարիներին էլ Էրեբունի-Երևանը շարունակել է մնալ մայրաքաղաքի կարևորագույն ամենամյա իրադարձություններից մեկը՝ տարբեր վայրերում անցկացվող համերգներով ու մշակութային ծրագրերով։
2026 թվականին Երևանը նշում է հիմնադրման 2808-ամյակը։ Տոնակատարությունների անցկացումը հոկտեմբերի 9-ին և 10-ին ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում քաղաքի պատմական անցյալի ու ժամանակակից կյանքի փոխկապակցվածության վրա։ Սակայն միջոցառումների քանակը կամ համերգային ծրագրերի ծավալը ինքնին դեռ չի չափում տոնի նշանակությունը։ Կարևոր է նաև, թե որքանով են քաղաքացիները մասնակցում դրանց, որքանով են ծրագրերը հասանելի տարբեր խմբերի համար, և արդյոք տոնակատարությունն անդրադառնում է քաղաքի պատմական ու մշակութային ժառանգությանը։
Ավելի քան կես դար անց Էրեբունի-Երևանը շարունակում է փոխվել՝ արձագանքելով ժամանակի մշակութային նախասիրություններին և քաղաքային կյանքի պահանջներին։ Այն այլևս միայն հիմնադրման տարեթիվը հիշատակելու միջոց չէ, այլ նաև հանրային տարածքում քաղաքի ինքնությունը ներկայացնելու հնարավորություն։ Միաժամանակ տոնի պատմությունը հիշեցնում է, որ քաղաքային ինքնությունը չի ձևավորվում միայն տոնական օրերին․ այն պահպանվում ու զարգանում է նաև պատմական ժառանգության նկատմամբ վերաբերմունքով, քաղաքաշինական որոշումներով և բնակիչների առօրյա կյանքով։
Երևանի ծննդյան օրը, հետևաբար, ոչ միայն անցյալը հիշելու, այլև ներկա քաղաքի մասին մտածելու առիթ է։
Շնորհավոր տոնդ, սիրելի քաղաք:
Շողեր Ղլիջյան


















































2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել...
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը փակել է իր գրասենյակը Վրաստանում
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ